Հայաստանն այս ամենից ոչ մի օգուտ չի քաղի, որովհետեւ ցանկություն չունի

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը չի մարում` գնալով խորանում է: Այն աստիճան է լարվածությունը խորացել, որ Բաքուն սպառնում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ անցած դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով, որը 38 մարդու մահվան պատճառ էր դարձել։ Ադրբեջանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները դժգոհ են, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ օրս չի ընդունել իր մեղքը եւ չի կատարել նախագահ Ալիեւի պահանջները՝ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասը։ Հիշեցնենք նաեւ, որ Բաքվում Ռուսական տունը դադարեցրել է իր գործունեությունը, շենքից հանվել է ռուսերեն մակագրության մի մասը: «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջով Բաքվում Ռոսսոտրուդնիչեստվո-Ռուսական տան ներկայացուցչությունը դադարեցնում է իր գործունեությունը»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ռուս-ադրբեջանական լարվածությունից ինչպե՞ս կարող է օգտվել Հայաստանը, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ջերմացումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել տարածաշրջանում` Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա: Հայ ռազմագերիների խոշտանգումներն ինչո՞ւ են շարունակվում Բաքվում, եթե միջազգային կառույցներն իսկապես դատապարտում են Բաքվին։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի եւ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
Արմինե Ադիբեկյանը, անդրադառնալով ռուս-ադրբեջանական պրոցեսներին ու դրա հետեւանքներին, նշեց. «Հայաստանն այս ամենից ոչ մի օգուտ չի կարող քաղել, որովհետեւ այստեղ ամենակարեւոր ֆակտորը ցանկությունն է, որը չկա: Հայաստանի իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ տասնյակ հնարավորություններ ունենալով` վնասից բացի, ոչինչ չեն բերում: Եթե Հայաստանն ունենար ցանկություն` շահած դուրս գալու, ապա հաշվի կառներ Ռուսաստանի հետ ռազմական, տնտեսական, դիվանագիտական բոլոր այն հնարավորությունները, որոնցից օգտվում է Ադրբեջանը` բոլոր հնարավոր լծակներով: Խելացի իշխանությունները շատ հնարավորություններից կարող են օգտվել, բայց ասեմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ճգնաժամն իրականում այնքան էլ մասշտաբային ու խոր չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Սա ժամանակավոր պրոցես է: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ նման դեմարշներ արել է, սակայն որոշ ժամանակ անց նահանջել է: Եկեք հիշենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների ճգնաժամը: Ադրբեջանն անգամ հարձակում էր գործել Իրանի դեսպանատան վրա: Այժմ գրեթե նույն բանն է իրականանում: Անցավ ժամանակ, կողմերը ընդհանուր հայտարարի եկան, եւ թեման փակվեց: Իրան-Ադրբեջան հարաբերությունները շատ ավելի խոր եւ ծանր հարաբերություններ են, քան ռուս-ադրբեջանականը: Ադրբեջանում անգամ իրանամետ գործիչներին դատում եւ խոշտանգում էին, բայց դա ոչ մի կերպ չազդեց միջպետական հարաբերությունների վրա: Ադրբեջանը փորձում է անկախություն հաստատել, սակայն, երբ Ռուսաստանի ազդեցությունն առավել նվազի, ռուս-ադրբեջանական պաշտոնական հարաբերությունները կդառնան ավելի լուրջ եւ գործնական: Այստեղ խոսք անգամ չկա հարաբերություններ խզելու մասին, պարզապես այս քայլով Ադրբեջանի դիրքերն էլ ավելի կմեծանան: Ռուսաստանը ոչ մի դեպքում Ադրբեջանին պատժելու համար հօգուտ հայերի քայլեր չի անի, որովհետեւ հիմա այն վիճակում չէ, որ ագրեսիվ քայլերի գնա: Վերջին 30 տարիների ընթացքում ես չեմ հիշում դեպք, երբ Ռուսաստանը նման իրադարձությունները մեծ բախումների առիթ դարձնի: Ադրբեջանն այսօր Ռուսաստանին այնքան է պետք, որքան Ռուսաստանը՝ Ադրբեջանին: Ոչ մի կտրուկ քայլ չի լինի: Ռուսաստանը Հայաստանին ոչ մի դեպքում որպես այլընտրանք չի դիտարկի: Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հետեւանքներին` ռուս-ադրբեջանական հետագա քայլերին եւ այլն, ապա ասեմ, որ տարածաշրջանում ազդեցություն կարող են ունենալ միայն տարածաշրջանի պետությունները: Օրինակ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա այս պահի դրությամբ կարող են ազդեցություն ունենալ միայն հենց այդ երեք պետությունները: Այս պահին Միացյալ Նահանգները տեսանելի մակարդակի վրա որոշում է կայացրել՝ չխառնվել տարածաշրջանի երկրների ներքին գործերին: Դոնալդ Թրամփն այսօր մի խնդիր է լուծում` չեզոքացնել գլոբալ կոնֆլիկտները: Գերիների մասով էլ կասեմ, որ առանց Հայաստանի շահագրգռվածության, ոչ մի այլ պետություն չի կարող զբաղվել գերիների հարցով: Մեր փոխարեն ոչ մեկը մեր հարցերը չի լուծելու, ոչ մեկը մեզնից շատ չի ցանկանալու լավ ապրել, անվտանգ ապրել եւ ունենալ խոստումնալից ապագա»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ, անդրադառնալով թեմային, հավելեց. «Մենք կարող ենք խոսել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումների մասին, ինչ վերաբերում է Հայաստանի կարգավիճակին եւ հնարավոր օգուտներ քաղելուն, ապա մենք ոչ մի օգուտ էլ չենք քաղելու: Հայաստանի իշխանություններն իրենք իրենց ձեռքով քաշվել են զարգացման ճանապարհից կողքի: Կրավորական կեցվածքով մենք կորցրել ենք մեր ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ, փոխարենը` Արեւմուտքի հետ նման հարաբերություններ հաստատել չենք կարող, հետեւաբար` հայտնվել ենք շատ ավելի վտանգավոր վիճակում: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկն այն է, որ պաշտոնական Բաքուն ուզում է իր արեւմտյան գործընկերներին ցույց տալ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել են: Նա փորձում է նաեւ ցույց տալ, որ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում հավասարակշռված քաղաքականություն է վարում, ռուսներին էլ ուզում է ասել, որ այլեւս չեք կարող ինձ ճնշել, ուստի պետք է փոխեք իմ հանդեպ վարած քաղաքականությունը: Ալիեւը փորձում է տարածաշրջանում կարեւոր խաղացող դառնալ եւ Ռուսաստանից զիջումներ է ակնկալում` տարբեր հարցերում»:
Կարծիքներ