Քո ապրիլի 5-ը անցած լինի, պարոն Փաշինյան

Քո ապրիլի 5-ը անցած լինի, պարոն Փաշինյան

Ըստ Փաշինյանի օրացույցի՝ այսօր մենք բոլորովին այլ թեստ էինք հանձնելու: Մենք հանրաքվեով «այո» կամ «ոչ» էինք ասելու սահմանադրական փոփոխություններին, ավելի ստույգ՝ մեկ հատիկ փոփոխության, այն է՝ ՍԴ գործող դատավորներին ուղարկել տուն և ձախողակ փաստաբան Վահե Գրիգորյանի գլխավորությամբ ձևավորել նոր ՍԴ՝ Նիկոլ Փաշինյանին հագով:
Հիմա թե ասում եմ՝ Աստված մեր կողմից էր, հնարավոր է սխալ հասկացվի, բայց, ամեն դեպքում, պետք է խոստովանել, որ վերևից ուղարկված կորոնավիրուսը մեզ օգնեց, որպեսի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես պողոսապետություն չդառնա: Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ ես մարդկանց եմ ճանաչում, որոնք «Այո»-ի ակտիվ քարոզչության փուլում սեղանների մոտ Նիկոլի կենացն էին խմում ու խոսքի մեջ նշում. «Էս մի քայլը մնաց, ամսի 5-ին ասենք «այո» ու ամեն ինչ լավ կլինի»: Եվ պատկերացրեք, որ սրանց նման մի քանի հարյուր հազար հոգի «այո» ասեր հանրաքվեին: Այդ դեպքում ՀՀ ողջ ազգաբնակչությունն էր կարանտինացվելու Փաշինյանի և նրա կիսխելագար թիմի ձեռքում: Իսկ կորոնավիրուսն ի՞նչ է, մի 1000 մարդ էլ չունենք վարակված: Ընդամենը 7 մահ, այն էլ Աստված գիտի՝ ինչից: Սա իր ,աղետալի չափերով» նույնիսկ համեմատելու չէ սահմանադրական այն փոփոխության հետ, որ փորձում էր անցկացնել թավշյա իշխանությունը:
Այսօր եկեք Փաշինյանին ասենք՝ անցած լինի քո ապրիլի 5-ը:
Ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում: Ասում են՝ կորոնավիրուսից հետո աշխարհը փոխվելու է և այլևս այն չի լինելու, ինչ կորոնավիրուսից առաջ: Ես շատ ուրախ կլինեմ, որ ամենաառաջինն ու ամենաշատը փոխվի Հայաստանը ու կորոնավիրուսից հետո չմնա Նիկոլ Փաշինյանի հույսին: Եթե աշխարհը պետք է փոխվի դեպի լավը, ապա ժողվուրդները պետք է որ ազատագրվեն այն իշխանություններից, որնք կորոնավիրուսից առաջ ու համաճարակի օրերին ցուցաբերել են կատարյալ անճարակություն՝ ժողովրդին մատնելով անլուր զրկանքների ու չարչարանքների: Եվ առաջին հերթին պետք է հեռանան այն իշխանությունները, որոնք քաղաքացիներին ուղարկել են տուն ոչ այնքան կորոնավիրուսի տարածման ահից, որքան բողոքի ու անհնազանդության ցույցերի հանդեպ իրենց ունեցած վախից: Մերոնք իշխանությունների այս խմբին են պատկանում և, պետք է ասել, նույնիսկ մի քանի քայլ առաջ են անցել մյուսներից՝ կորոնավիրուսի կարանտինը զուգակցելով մարդկանց ազատությունների զանազան սահմանափակոմների հետ: Թավշյա Հայաստանում քաղաքացիներն այլևս գույքագրված են. Նրանց ամեն քայլը հսկվում է, յուրաքանչյուր խոսակցություն լսվում է, յուրաքանչյուր անհնազանդություն կարող է կանխվել դեռ չծնված: Ավելի պատկերավոր ասած՝ Փաշինյանի կառավարությունն ու կորոնավիրուսը նույն դաշտում են, Փաշինյանի կառավարությանը մնա՝ կասի թող կորոնավիրուսը հավերժ ձգվի: Կորոնավիրուսը Փաշինյանի կառավարության դաշնակիցն է: Դուք այդպես չե՞ք մտածում, երբ ամեն օր լսում եք ՀՀ պարետի և առողջապահության նախարարի, շատ ներողություն Գագիկ Սուրենյան, եղանակի տեսություն հիշեցնող հայտարարություններն ու մեկնաբանությունները:
Որ Փաշինյանի վիճակը վատ է, նկատել են նաև հեղափոխության կողմնակից լրատվամիջոցներն ու վերլուծաբանները: Նրանցից մեկը կասկած էր հայտնել, որ Փաշինյանի գործերը լավ չեն, և նա, հնարավոր է, հեռանա, եթե չանի այս, այս, այս բաները: Այդ բաներից մեկն էլ, պատկերացրեք, ԱԺ նոր ընտրություններն են՝ սահմանադրական համապարփակ փոփոխությունների հանրաքվեով զուգակցված, այսինքն՝ ԱԺ ընտրություններ և սահմանադրական հանրաքվե միաժամանակ: Չնայած դա խելագարություն է, բայց պետք է խոստովանեմ, որ բավականին խորամանկ առաջարկ է: Փաշինյանը, եթե հիշում եք, չկայացած սահմանադրական հանրաքվեին ,այո» ասելը համարժեք էր համարում իրեն ու իր իշխանությանը այո ասելուն: Այդկերպ նա կամենում էր էժան գնով առնել հեղափոխության այն ընտրազանգվածը, որ սկսել էր նորմալ մարդկանց պես մտածել ու չէր հասկանում, թե ինչու պետք է Հրայր Թովմասյանին գործից հանեն: Պարզ է, որ ԱԺ ընտրությունների և հանրաքվեի մեկտեղ անցկացումն ավելի կընդգծի, որ նժարի վրա է դրված Փաշինյանի ճակատագիրը: Այս անգամ Նիկոլին ընտրելուց բացի պետք է մի հատ էլ «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:
 Նման «համարձակ» քայլ անելու համար Փաշինյանին, իմ կարծիքով, նախևառաջ համարձաություն է պետք, իսկ հետո նաև՝ ժամանակ՝ սահմանադրական համապարփակ փոփոխություններ բստրելու համար: Փաշինյանը, ավաղ, չունի ոչ այն, ոչ այն: Նա կորցրել է ընտրազանգվածը, կուտակել մեծ հարստություն, ոչնչացրել տնտեսությունը, ժողովրդին թողել դրսի ողորմությունների հույսին: Նրա թիմը, որ 2018-ին դեռ հույս էր ներշնչում, իշխանության գալուց հետո խայտառակվել է մինչև վերջին «անվակն ու պտուտակը»: Վտանգված են գյուղատնտեսական աշխատանքները, ձմռանը սպասվում է սով: Այսքանից հետո էլ ԱԺ ընտրություններ ու սահմանադրական բարեփոխումնե՞ր… Օ՜, ոչ, դա խելագարություն կլինի:
Մյուս կողմից էլ՝ պակաս խելագարություն չէ վարչապետի աթոռից կառչելը, երբ քեզ մոտ ոչինչ չի ստացվում: Մինչև երբ: Ենթադրենք՝ կարանտինը մի քիչ էլ ձգվեց, մարդիկ վերջին կոպեկներն էլ ծախսեցին… Հետո՞: Ի՞նչ է լինելու հետո, երբ հերթը հասնի բանակը պահելու դժվարություններին, երկրի անվտանգությանը, սոցիալական բունտերին: Իմ համեստ կարծիքով՝  ճիշտը Փաշինյանի և նրա թիմի՝ առանց ավելորդ խուճապի հեռանալն է: Անդունդի եզրին կանգ առնելն էլ խելացիության նշան է: Այսօր մեզ պետք է արտակարգ իրավիճակների ժամանակավոր կառավարություն ձևավորել և ձեռնամուխ լինել երկիրն ու ժողովրդին այս դժվարին դրությունից դուրս բերելու գործին: