Մեր լինել-չլինելու հարցը դրված է հայանպաստ քաղաքականության վարման մեջ

Մեր լինել-չլինելու հարցը դրված է հայանպաստ քաղաքականության վարման մեջ

Ինչով է պայմանավորված Ադրբեջանի վերջին օրերի գերակտիվությունը Արցախի և Հայաստանի տարածքի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Ինչու 44-օրյա պատերազմում տարած ոչ արդար հաղթանակից հետո էլ թշնամին չի հանգստանում, և կրկին անգամ տարբեր սադրանքներ օգտագործելով փորձում է վախեցնել հայկական բնակավայրերի բնակիչներին: Թեմայի շուրջ զրուցել և մեկնաբանություն ենք ստացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից:

«Այն, որ կանխատեսվում էր թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվությունը տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո, ակնհայտ էր և սպասելի: Դրան էլ նպաստեց նաև այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան զգացել են, որ հիմնական մոդերատորները տարածաշրջանում՝ «պայմանական» Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրոպան զբաղված են «ուրիշ հարցերով»:

Անմիջապես, երբ  ռուս-արևմտյան առճակատումը ակտիվ ռազմական ֆազա մտավ, մի քանի օր հետո ադրբեջանցիները միանգամից ակտիվացան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի տարածքում: Սկսեցին գնդակոծություններ նույն թուրք-ադրբեջանական մարտավարությամբ, կամաց-կամաց  բարձրացրեցին գնդակոծությունների ինտեսիվությունը հայկական տարածքների վրա, բարձրացրեցին նաև օգտագործվող զենք-զինամթերքի տրամաչափերը»,-մեզ հետ զրույցում ասաց Արման Աբովյանը:

Աբովյանի խոսքով, դա նշանակում է միայն մի բան, որ ոչ Թուրքիան, և ոչ էլ Ադրբեջանը հետ չեն կանգնել և կանգնելու իրենց հիմնական պետական, ինչու ոչ՝ ազգային կոնցեպտի իրագործումից, ինչը նշանակում է, որ երկու պետությունների համար էլ սկզբունքային նշանակություն ունի հայկական գործոնի, այսինքն՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններից  քաղաքական կազմաքանդումը կամ դուրս մղումը տարածաշրջանից: Այլ կերպ, ըստ Աբովյանի՝ այդ երկու արհեստական թուրքալեզու պետությունները չեն կարող իրագործել իրենց վերջնական նպատակը, այն է՝ ֆիզիկապես միավորվել  Մեծ Թուրանի կամ  թուրքական պրոեկտի շրջանակներում:

«Այո՛, կրակելու են, այո՛ փորձելու են զավթել, այո՛, փորձելու են Հայաստանը մասնատել: Զավեշտը նա է, որ նրանք չեն էլ թաքցնում և դրա մասին բաց են խոսում: Այս ամենը պարզ երևում է և Շուշիի հռչակագրում, և լսվում է Ալիևի ամենանգամյա ելույթներում: Լրիվ աբսուրդ և անբացատրելի է, և պարզապես չգիտեմ էլ, թե ինչ որակավորում տամ հայաստանյան իշխանությունների թե արձագանքին, թե հասարակ քաղաքականությանը: Մեզ սպառնում են ոչնչացնել, իրականում գնդակոծում են, կրակում են, ահաբեկում են: Իսկ երբ որ հարցնում ես՝ ինչ է կատարվում, ասում են՝ «հետո ինչ՝ կրակում են»,-ասաց զրուցակիցս: 

Աբովյանը գտնում է, որ սա իրականում մի հարց է, որը անխուսափելիորեն բերելու է լրջագույն խնդիրների: Եվ ընդգծում, որ այս իրողություններում խոսել խաղաղության դարաշրջանի մասին, դա ուղիղ մանիպուլյացիա է:

«Ես կարող եմ պնդել, որ իշխանությունների այսօրվա խաղաղության տեսլականը բերելու է անկասկած մեծ պատերազմի, այսինքն՝ հակառակն է լինելու: Որքան շարունակվում է ռուս- ուկրաինական պատերազմը, այդքան այստեղ տարածաշրջանում իրավիճակը լարվում է: Մենք ավելորդ անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ առիթ ունեցանք համոզվելու, որ այսպես կոչված աշխարհը կամ միջազգային հանրությունը խորապես թքած ունի այն հանգամանքին, որ, օրինակ, Արցախի խաղաղ բնակիչներին ֆոսֆորով այրում էին կամ ռմբակոծում էին Ստեփանակերտի ծննդատունը»,-ասաց Արման Աբովյանը:

Մեր այն հարցին, թե ինչու մինչ օրս հաստատված չէ ռուս խաղաղապահների մանդատն Արցախում, Արման Աբովյանն ասաց, որ այն, ըստ երևույթին, պետք է լիներ եռակողմ ֆորմատով, և բարդությունները թուրք-ադրբեջանական կողմից են: Վերջինս կարծում է, որ թշնամու հիմնական նպատակը վարկաբեկելն է խաղաղապահներին:

«Նրանք փորձում են դե յուրե որոշակի պայմանններ ստեղծել այս կամ այն ձևաչափով, որպեսզի՝ կոպիտ ասած պոչեր թողնեն իրավական առումով: Մեզ ոչ թե սպասվում են ծանր օրեր, այլ մենք արդեն իսկ գտնվում ենք ծանրագույն իրավիճակում: Եվ եթե մենք սթափ և հայանպաստ քաղաքականություն և տեսլական չվարենք, խնդիրը կանգնած կլինի առհասարակ՝ մեր լինել-չլինելու մեջ»,-ասաց Աբովյանը:

Մեր այն հարցին, թե Ռուսաստանը կպատժի՞ Ադրբեջանին ոչ պաշտոնական ինֆորմացիոն բլոկներով արված հայտարարություններով, որտեղ նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն Ուկրաինայի, Արման Աբովյանն ասաց, որ կարծում է, որ առայժմ, ոչ մի լուրջ արձագանք չի լինի, համենայն դեպս՝ հանրային տիրույթում, որովհետև դիվանագիտական տիրույթում արդեն իսկ գնում են որոշակի գործընթացներ:

«Ռուսասատանն, այո, կփորձի սաստել Ադրբեջանին: Բայց պետք է լինել իրատես և հասկանալ, որ Ռուսասատանին ոչ մի դեպքում ձեռնտու չի փչացնել հարաբերությունները Հարավային Կովկասի ոչ մի խաղացողի հետ, կոպիտ ասած՝ երկրորդ ճակատ չպիտի բացվի: Սա է ռուսական կոնցեպտը: Բայց եթե  իրավիճակը անելանելի դարձավ, ապա կարծում եմ, որ իմ նախորդ ասածի կոնտեքստում նաև իրավիճակի լարում կսկսվի այստեղ»,-ասաց Արման Աբովյանը: