Գվարդիոլան վնասել է ֆուտբոլին. ի՞նչ է պնդում Մեսսին

Իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր մարտավարական գաղափարներով վնասել է ֆուտբոլին, հայտարարել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
2008-2012 թվականներին Գվարդիոլան գլխավորել է իսպանական «Բարսելոնա» ակումբը, որում այդ ժամանակ խաղում էր Մեսսին։ Նրանք միասին երկուական անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Աշխարհի ակումբային առաջնությունում և Իսպանիայի գավաթում, երեք անգամ՝ երկրի առաջնությունն ու Սուպերգավաթը։
«Պեպ Գվարդիոլան այլ աշխարհից է: Նա ուրիշ է, նա տեսնում է բաներ, որոնք որևէ այլ մեկը չի տեսնում: Նա փոխեց ֆուտբոլը: Բոլորը ցանկանում էին կրկնօրինակել մեզ: Իրականում, նա նույնիսկ վնասեց ֆուտբոլին, քանի որ մարդիկ փորձում էին խաղալ «Բարսելոնայի» պես, բայց մենք յուրահատուկ թիմ էինք: Այն կիսապաշտպանությունը` Խավին, Բուսկետսը, Ինյեստան. խաղացողների և մարզիչների միջև կատարյալ կապ կար», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Sportskeeda–ն` հղում անելով Simplemente Futbol–ի YouTube-յան ալիքին։
Գվարդիոլան 54 տարեկան է, նա գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Իսպանացին երկու անգամ ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և մեկ անգամ՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) վարկածով։
Կարծիքներ