Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ Մարությանի հարցում ինքը ճիշտ է, ՔՊ թիմը՝ սխալ

Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ Մարությանի հարցում ինքը ճիշտ է, ՔՊ թիմը՝ սխալ
Նիկոլ Փաշինյան, Հայկ Մարության , ՔՊ

Մայրաքաղաքն ամիսներ շարունակ աղբի մեջ թաղելուց եւ այս ամբողջ ընթացքում քաղաքի կառավարումն ու հատկապես աղբահանության հարցը Հայկ Մարությանի կողմից ձախողվելուց հետո Նիկոլ Փաշինյանը վերջապես որոշեց խոսել այս թեմայով։ Եվ խոսեց իրեն հարազատ ֆորմատով՝ հարցազրույցի տեսքով։ Նա կանչեց Հայկ Մարությանին իր աշխատասենյակ եւ սկսեց նրան հարցեր տալ աղբահանության եւ «Սանիթեքի» հետ խնդիրների վերաբերյալ։ Այն, իհարկե, ավելի շատ շոուի էր նման, որտեղ ծամածռություններ էր անում կոմիկ դերասան Հայկ Մարությանը՝ հատուկ ժեստերով եւ դերասանական խաղով Փաշինյանին համոզելով, որ իրենք մեղք չունեն, «Սանիթեքն» է մեղավոր։

Նկատենք, որ այս՝ «Սանիթեք»-քաղաքապետարան վեճն ու աղբահանության խնդիրը երկար ժամանակ է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում են։ Արդեն մի քանի ամիս է՝ մարդիկ թքում-մրում են Հայկ Մարությանին՝ իր անձնական ամբիցիաների պատճառով քաղաքի աղբահանության խնդիրը չլուծելու եւ աղբի մեջ թաղելու համար։ Եվ այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծպտուն անգամ չէր հանում այս թեմայով, որեւէ գնահատական չէր հնչեցնում, որ հասկանայինք՝ ինչ է մտածում երկրի ղեկավարն իր «նշանակած» քաղաքապետի ու նրա ձախողումների մասին։ Տպավորություն էր, թե Փաշինյանը ձեռքերը լվացել է այս խնդրից՝ Հայկոյին թողնելով միայնակ այս հարցում, որ նրա ձախողումները հանկարծ իրեն չվերագրվեն։

Հիշեցնենք․ Հայկ Մարությանի առաջադրմանը՝ որպես քաղաքապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղպայմանագիր» կուսակցությունում դեմ են եղել։ Եվ միայն Փաշինյանի ճնշումների ու տարատեսակ հնարքների շնորհիվ են ՔՊ վարչության որոշ անդամներ համաձայնել կողմ քվեարկել Մարությանի առաջադրմանը։ ՔՊ-ականները մինչ օրս էլ խոստովանում են՝ իրենք դեռ էն գլխից էին ասում, որ Հայկ Մարությանը չի կարող քաղաքապետ աշխատել, ձախողելու է, դա գիտեր նաեւ ինքը՝ Մարությանը, եւ հիմա էլ ներքին զրույցներում ընդունում են, որ Մարությանը ձախողել է։ Բայց ոչ ոք չի համարձակվում այդ մասին հրապարակավ արտահայտվել, որ «իրենք ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ»։

Եվ որպեսզի Նիկոլ Փաշինյանը ցույց տա, որ իրականում ինքն էր ճիշտ, որ Հայկոն կարող է քաղաքապետ աշխատել, եւ որ ինքը Հայկոյին միայնակ չի թողել, որոշեց նրա հետ հրապարակային հանդիպում կազմակերպել ու տեսախցիկների առաջ քննարկել ստեղծված իրավիճակը՝ հասկացնելով, որ ամեն ինչ նորմալ է, եւ մեղավորը ոչ թե Հայկոն է, այլ «Սանիթեքը», նախկինները, տարբեր մարդիկ ու մարմիններ։

Հանդիպման ընթացքում բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին «Սանիթեքի» հասցեին, սակայն քանի որ «Սանիթեքից» որեւէ մեկը չկար, որ հակադարձեր կամ իր տեսակետը ներկայացներ, դրանք մնացին օդում կախված։ Իհարկե, «Սանիթեքը» մեղքի իր բաժինն ունի այստեղ, մեղքի բաժին ունի նաեւ Տարոն Մարգարյանը, որը 12 տարով պայմանագիր է կնքել այս կազմակերպության հետ, բայց, ի տարբերություն Մարությանի, Մարգարյանն առաջացած խնդիրներին կարողանում էր լուծում տալ, ոչ թե «ղարաբաղյան հակամարտության» վերածել «Սանիթեքի» հետ հարաբերություններն ու Երեւանի աղբահանության հարցը։ Կարգին Հայկոյի հիմնական խնդիրը հենց դա է, որ նա լուծում գտնելու փոխարեն գնաց հակամարտության եւ փորձեց խլել «Սանիթեքի» բիզնեսն ու նոր խաղացող մտցնել դաշտ՝ հանձինս համայնքային ձեռնարկության։

Վարչապետ-քաղաքապետ աշխատանքային քննարկումից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Սանիթեք» ընկերությունը՝ նշելով, որ իրենք բազմիցս նամակներով դիմել են վարչապետին՝ հանդիպելու եւ իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: «Ընկերությունը հրավերի դեպքում պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը եւ հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է, եւ նպատակը պարզ է»,- ասում են «Սանիթեքից»։ Ընկերությունից նաեւ տեղեկացրել են, որ առաջիկայում մեկ անգամ եւս հանդես կգան հանրության առաջ եւ կետ առ կետ կանդրադառնան Փաշինյան-Մարության աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած «ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»: