Սա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար. Ռուբեն Վարդանյան

Սա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.

«Երևանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը:

Հիմնական դասն այս ընտրություններից այն էր, որ չհաջողվեց ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ և ընտրատեղամաս բերել փոփոխությունների հնարավորությանը  հավատացող՝ հանրության ակտիվ, առողջ  զանգվածին, որը կքվեարկեր այլընտրանք առաջարկող ուժերի օգտին:

Մյուս կարևոր եզրահանգումն այն է, որ գործող իշխանությունը չունի հանրային վստահություն: 
Անգամ Փաշինյանի մասնակցությունն իր թեկնածուի աջակցության հանրահավաքին՝ ընտրողներին չստիպեց տեղամաս գնալ, իսկ  «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց ռեկորդային ցածր մասնակցության պարագայում ստանալ  ընտրությունների մասնակիցների ձայների մեծամասնությունը: 

Սա նշանակում է, որ գործող  իշխանությունը ոչ միայն չունի հանրության մեծամասնության աջակցությունը (2018թ. Երևանի ավագանու ընտրությունների համեմատ՝ այս ուժը կորցրել է ընտրողների գրեթե ¾-ի աջակցությունը), այլև իշխանությունների  գործողությունները բնակչությանն ստիպել են օտարվել քաղաքականությունից,  չվստահել նրանց իրենց իրավունքների ու շահերի պաշտպանությունը:

Հենց այս առումով էլ Երևանի  ավագանու այս  ընտրությունները դառնում են այն քայլը, որը բերելու է իշխանությունների փոփոխության և խորքային  փոփոխությունների: 

Ինչ վերաբերում է «Ապրելու երկրի» մասնակցությանն ու արդյունքներին, ապա կարծում եմ, սա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար, որը, համոզված եմ, չի պատրաստվում նահանջել և շարունակելու է աշխատել, քանի որ հավատում է ու վստահ է, որ շատ բան կարող է  փոխել և, ոչ միայն փոխել, այլ գտնվել այդ փոփոխությունների առանցքում: 

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «Ապրելու երկրի» և, առհասարակ, մյուս առողջ ընդդիմադիր ուժերի օգտին: Վստահաբար, դա ապագայի համար լավ ներդրում է: