Իրավապաշտպանն «անընդունելի» է համարում որոշ թեկնածուների քարոզչական հնարքները

Իրավապաշտպանն «անընդունելի» է համարում որոշ թեկնածուների քարոզչական հնարքները

«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն անընդունելի է համարում նախընտրական քարոզչության ընթացքում որոշ թեկնածուների վարքագիծը։

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ չի կարող ինստիտուցիոնալ գնահատականներ հնչեցնել հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության հետ կապված, սակայն որոշ դիտարկումներ արեց։

«Ես դիտորդական որևէ առաքելության մաս չեմ կազմել, չեմ մասնակցել որևէ կերպ ընտրական գործընթացներին։ Այնպես որ, եթե ուղղակի Ձեզ հետաքրքրում է անհատական կարծիք, դա ուրիշ խնդիր է, բայց ինստիտուցիոնալ կարծիք հայտնել չեմ կարող», - ընդգծեց իրավապաշտպանը։

- Տիկի՛ն Հովհաննիսյան, քարոզարշավի ընթացքում Փաշինյանը մուրճով սպառնում էր՝ «այս կանեմ, այն կանեմ», ընտրությունների օրն ընդդիմության շտաբների ղեկավարներին, վստահված անձանց էին բերման ենթարկում, մարզպետները, իմքայլական պատգամավորներն էին ընտրատեղամասից ընտրատեղամաս գնում։ Սա կարելի՞ է դիտարկել որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրությունների վրա ապօրինի ազդեցություն։

- Ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ ընտրական մթնոլորտի, ազատության, համերաշխության մթնոլորտի և ընտրությունների հավասար հնարավորությունների վրա լուրջ ազդեցություն ունեցող վարքագիծ է։ Անկախ նրանից, թե ով է թեկնածուն, եթե մեկ թեկնածուն նման ագրեսիվ պահվածք է դրսևորում, հատկապես եթե նա ունի նաև պաշտոնական դիրք [Նիկոլ Փաշինյան], համարում եմ անընդունելի և ընտրությունների ամբողջ մթնոլորտը լրջորեն վտանգող երևույթ։ Այդ իսկ պաճառով ես` ինքս, որպես մասնագետ, քաղաքացիական հասարակության մարդ, որևէ կերպ չէի մասնակցել այս ընտրական գործընթացների դիտարկմանը։ Ինձ համար ընտրությունը միայն քվեաթերթիկը քվեատուփ նետելը չէ, այլ ընտրությունն այդ ամբողջ իրավիճակն է, որում երկիրը գնում է ընտրության, ինչպես են իրենց դիրքավորում այն անձինք, որոնք ակտիվորեն մասնակցում են քարոզարշավին, ինչպես են իրականացնում քարոզարշավը։ Իհարկե, մեծ պատասխանատվություն ունի պաշտոնական դիրք զբաղեցնող անձը, բայց նաև անընդունելի է, երբ այս կամ այն մրցակիցը [«Պատիվ ունեմ» դաշինքը] բոլորովին էթիկայից դուրս գովազդներ է տեղադրում քարոզարշավի շրջանակներում՝ նույնացնելով թեկնածուներից մեկին [Նիկոլ Փաշինյանին] սատանայի հետ, կոտրում է ապակիներ, մյուս կողմը [Ռոբերտ Քոչարյանը] հրավիրում է դուելի, ոչ թե բանավեճի։ Այսինքն՝ այդ ամենն ազատ և արդար մրցակցային մթնոլորտից դուրս մոտեցումներ են, ինչն ինձ համար ընտրություն չէ`որպես այդպիսին։

- Երբ որ արդեն հաշվում էին քվեաթերթիկները, խոշոր քաղաքներում, համայնքներում հոսանքը միաժամանակ անջատվում էր ընտրատեղամասերում։ Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է նաև հիմք հանդիսանալ, որպեսզի ընտրությունները չեղարկվեն, կամ դրանց օրինականությունը, թափանցիկությունը կասկածի տակ դրվի։

- Դե նայե՛ք, ընտրություններին մասնակցող ամբողջ սպեկտորին ես չեմ մասնակցել։ Այսինքն՝ ո՛չ եղել եմ վստահված անձ, ո՛չ դիտորդական առաքելության մաս, որպեսզի այդ հետևություններն անեմ։ Ուստի դիտարկող խմբերի զեկույցներից է կախված, թե ինչպես կորակվի այս ընտրությունը։ Նույնիսկ եթե քվեաթերթիկը նետելը շատ հստակ պարզ լիներ, որևէ խախտում, որևէ անջատում չլիներ, ինձ համար անընդունելի էին այս ընտրություններն իրենց ամբողջ քարոզչության ընթացքում՝ բառապաշարի, մթնոլորտի և հնարքների պատճառով։ Ինչ վերաբերում է կոնկրետ քվեարկության օրը տեղ գտած չարաշահումներին, խախտումներին, դրանք պետք է այն խմբերը հստակորեն արձանագրեն և հանրայնացնեն, որոնք մասնակից են եղել ընտրական պրոցեսներին՝ լիցենզավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Դրանք կարող են լինել նաև միջազգային դիտորդները, որոնք իրենց զեկույցներով կարող են ազդել ընտրությունների լեգիտիմության ճանաչման վրա։ Ես լսել եմ այնքանով, որքանով հրապարակել են լրատվամիջոցները, որքանով խոսել են վստահված անձինք, որքանով դիտորդական առաքելություններն ամփոփաթերթիկներն են հրապարակել, ուստի ինքս կարծիք հայտնել չեմ կարող։ Բայց եթե որևէ առաքելություն, որևէ խումբ, որը մասնակից է եղել այդ ընտրական պրոցեսներին, հայտնի, որ անընդունելի են այդ պրոցեսները, ես ուղղակի կլսեմ, դիտորդի դերում կլինեմ։