«Telcell»-ի բաժնետեր կարող ես դառնալ․ ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի թողարկման մասին (տեսանյութ)
Շարքային քաղաքացին անգամ կարող է դառնալ Telcell ընկերության բաժնետեր։ Ընկերությունն ազդարարել է բաժնտոմսերի թողարկման մասին։ Շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով թողարկվում են բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։
Ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը շեշտում է` 17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել ընկերությունը, մինչև բաժնետոմսեր թողարկելու որոշում կայացնելը։
«Ֆինանսական ցանկացած ներդրումների հիմքում մարդկանց վստահությունն է, և մենք այդ վստահությունն այսօր ուզում ենք փոխանցել՝ նախևառաջ ցույց տալով մեր անցած ճանապարհը, ընկերության կայուն աճն ու զարգացումը: Եվ սա միայն որպես սկիզբ. մենք մեր նոր բաժնետերերի համար նախատեսում ենք տարեկան շահույթի առնվազն 50%-ի տեղաբաշխում՝ որպես դիվիդենտ»- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը։ Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը վստահ է՝ ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումը ոչ միայն հաջող ընթացք է ունենալու, այլև նպաստելու է հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ «Telcell-ն այս առումով կարևոր գործընկեր է։ Իրապես ոգևորված ենք տեսնել, որ հայկական ընկերությունները սկսում են ավելի լայնորեն կիրառել ժամանակակից ֆինանսական գործիքները՝ նպաստելով Հայստանում ներդրումային շուկայի կայացմանը»,-նշեց Կայֆաջյանը։
Telcell բաժնետոմսերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Telcell Wallet հավելվածի օգտատերերը բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում՝ պարզ և արագ։
«Այս գործիքը հնարավորություն կտա փոխել ներդրումներ կատարելու մշակույթը Հայաստանում։ Այլևս պարտադիր չէ այցելել ներդրումային ընկերություն բաժնետոմս գնելու համար. մեր Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերը կարող են բաժնետեր դառնալ հավելվածում մեկ հպման միջոցով» - ասաց ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը։
Բաժնետոմսերը թողարկվելու են ավելի քան չորս միլիոն թվաքանակով և հասանելի արժեքով. «Սա մեր համար նաև իմաստային և խորհրդանշական որոշում է։ Մենք հասկանում ենք, որ բաժնետոմսերի գնման մշակույթը դեռևս մեր երկրում լայն տարածում չունի, բայց մեր հավատալիքն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր տնտեսական վիճակից, իրական հնարավորություն ունենա գնել կամ իր առաջին քայլերը անել ներդրումային շուկայում՝ հանրային նշանակության ընեկերությունում բաժնետոմս գնելու միջոցով» - ասաց «Թել-Սել» ԲԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ