Իսկանդերների մասին Նիկոլի պնդումը հունից հանեց ռուսներին

Իսկանդերների մասին Նիկոլի պնդումը հունից հանեց ռուսներին

Մինչեւ վերջերս ռուս քաղաքական գործիչները համեմատաբար լոյալ էին արտահայտվում ՀՀ վարչապետի մասին, բայց չպայթած ռուսական հրթիռային համակարգերի վերաբերյալ նրա խոսքը շատերին հունից հանեց՝ ասվածի հետ կապված հրահրելով բացասական, նույնիսկ հեգնական մեկնաբանություններ: Մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինն ասել էր, որ այն առնվազն վկայում է վարչապետի ոչ կոմպետենտության մասին: «Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս կծու ժողովրդական իմաստնությունը լավագույնս բնորոշում է Հայաստանի վարչապետի խոսքը՝ վերջին պատերազմում օգտագործված «Իսկանդերի» հնացածության մասին»,- ասել է Սաբլինը՝ հիշեցնելով, որ օպերատիվ-հրթիռային այս համակարգն իր բարձր բնութագրերը ցույց է տվել Սիրիայի ահաբեկիչների դեմ պատերազմի ժամանակ: «Սորոսական մեթոդաբանները «քաշեցին» Փաշինյանին: Դա եւս մի վկայություն է այն բանի, թե ինչպես է փողոցը՝ գեղեցիկ կարգախոսների ուղեկցությամբ, օտար, թշնամական սցենարով իշխանության բերում իր երկիրը կործանող մարդու»,- ավելացրել է պատգամավորը: 

Ռուսական իսկանդերների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերջին կաթիլն էր այն խնդիրների ֆոնին, որոնք այսօր կան երկրում,- երեկ ասել է URA.RU ալիքի հեռուստառադիոմեկնաբան Վլադիմիր Սոլովյովը, ով ամենօրյա ռեժիմով հետեւում էր ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքին: «Հայաստանում իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է: Մարդիկ վշտացած են, մեծ ցավ են ապրում ղարաբաղյան պատերազմում կորցրած հարազատների համար, պատերազմ, որն ավարտվել է պարտությամբ: Զոհվածների թվաքանակը բնակչության համեմատ ահռելի է, մարդիկ արյունահոսող վերքեր ունեն: Շատ հայեր վաղուց էին դժգոհ իրենց վարչապետի քաղաքականությունից, բայց Փաշինյանի բառերը՝ ռուսական զենքի մասին, իրավիճակը ծայրահեղ սրեցին: Պատերազմում պարտվեց, կարեւոր հարցերի չի պատասխանում, եւ երբ համաժողովրդական վշտի ֆոնին մարդը հայտարարեց, որ ամեն ինչի մեղավորը ռուսական իսկանդերներն են, սա արդեն վերջին կաթիլը դարձավ»,- ավելացրել է Սոլովյովը: 

Միջազգային հումանիտար-քաղաքական հետազոտությունների փորձագետ Վլադիմիր Բրուտերը հայտարարել է, որ Փաշինյանը պետք է թողնի իր պաշտոնը հնարավորինս արագ, որ արյունահեղություն թույլ չտա: 

«Երկրում արդեն քաղաքացիական հակամարտություն է ծավալվում: Հիմա կարեւորն այն է, որ կրակոցների չհասնեն: Փաշինյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր է անպատրաստ մարդկանց մուտքը կառավարական աշխատասենյակներ, որոնք այնտեղ են մտել քաղաքացիական ընդվզումների ալիքի վրա: Փաշինյանն ամեն դեպքում կգնա եւ որքան արագ, այնքան լավ»,- ասել է Բրուտերը: