Անսկզբունքայնությունը՝ որպես միակ սկզբունք

Անսկզբունքայնությունը՝ որպես միակ սկզբունք

Կարո՞ղ է անսկզբունքայնությունը լինել քաղաքական դիրքորոշում. կարող է, եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է: «Առհասարակ, մենք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն»,- Էստոնիայում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր չէ՞ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: Էստոնիայում եւ Եվրամիությունում Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր, որն իբրեւ թե ուզում է դուրս գալ այդ ազդեցությունից: Հայաստանի վարչապետի՝ Էստոնիա կամ ԵՄ որեւէ անդամ երկիր այցն այդ երկրների կողմից ընկալվում է այնպես, որ Հայաստանն ուզում է ազատվել այդ ազդեցությունից, բայց ունի արտաքին աջակցության` իրենց կարիքը, այլապես, եթե Հայաստանը միայնակ փորձի նման բան անել, Ռուսաստանը միանգամից կխեղդի, կոչնչացնի Հայաստանին: Հայաստանն էլ շատ զգույշ եւ շատ հաշվենկատ ձեւով է փորձում դա անել` նման այն մարդուն, որը քայլում է ականապատ դաշտում՝ ամեն վայրկյան սպասելով, որ հաջորդ քայլը կարող է ականի վրա լինել:

Մինչդեռ բալանսավորված կամ բալանսավորման քաղաքականությունը հայտարարություն է արժեքներ եւ սկզբունքներ չունենալու մասին: Դա նույնն է, թե հայտարարես, որ չունես պատկերացում բարու եւ չարի, լավի եւ վատի, ճշմարտության եւ կեղծիքի մասին, որ դրանց միջեւ ընտրություն չես ուզում կատարել, իսկ երբ գալիս է պարտադրված ընտրության պահը, ոչ մեկն էլ չընտրես, այլ մնաս դրանց մեջտեղում: Ինչպես հնարավոր չէ պատկերացնել մի մարդու, որը չունի որեւէ արժեհամակարգ, կողմնորոշիչներ, որոնց միջոցով գնահատական է տալիս այս կամ այն իրադարձությանը կամ երեւույթին, այնպես էլ չի կարող լինել պետություն, որը չունի կայուն արժեքային համակարգ: 
ԵՄ-ի համար Ռուսաստանը չարի մարմնացումն է, իսկ իրենք բարին են, որը ենթարկվել է չարի հարձակմանը, եւ ամեն ինչ անում են՝ չարին հաղթելու համար: Ովքեր Ռուսաստանի հետ են, նրանք աջակցում են չարի հաղթանակին, իսկ ովքեր բարի են, պետք է օգնեն իրենց՝ չարին հաղթելու համար: ԵՄ ընկալմամբ՝ չարի կամ չարիքի մարմնացում Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, ուզում է գրավել Ուկրաինան եւ դրանով մեծացնել չարի ազդեցության տարածքը: Հաջորդը լինելու են այլ եվրոպական երկրներ, դրա համար ԵՄ անդամ երկրներն օգնում են Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին՝ կանգնեցնելու Ռուսաստանի առաջխաղացումը: 

«Մենք՝ բոլորս, պետք է ջանանք՝ էլ ավելի աջակցել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, թե որքան կարեւոր է մեր վճռական աջակցությունն Ուկրաինային, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասում է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը: Երբ Միխալն ասում է «մենք՝ բոլորս», նկատի ունի նաեւ Հայաստանին, ոչ միայն այն պատճառով, որ կողքին կանգնածը Հայաստանի վարչապետ աշխատող անձն է, այլեւ նկատի ունենալով այն, որ այդ անձն Էստոնիա է գնացել այդ երկրից քաղաքական աջակցություն ստանալու, Հայաստանի ԵՄ անդամակցության, վիզաների ազատականացման եւ այլ հարցերում: Իսկ աջակցությունը միակողմանի չի լինում. մենք քեզ աջակցում ենք ԵՄ անդամակցության հարցում, դու մեզ՝ Ռուսաստանի դեմ պայքարում: Բայց տեսեք, թե ինչ է պատասխանում նրան Փաշինյանը. «Մենք հարաբերությունների վատացման խնդիր չենք դնում որեւէ ուղղությամբ։ Կարող է լինել տեսական երկու մոտեցում՝ խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ եւ փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մենք այդ մոտեցման կողմնակիցը չենք: Մեր մոտեցումը սա է․ օգտագործել մեր ինքնիշխանությունը՝ խորացնելու հարաբերությունները բոլոր այն ուղղություններով, որտեղ ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ, որտեղ բավարար խորը չեն հարաբերությունները։ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հենց այդպիսին են»: 

Փաշինյանն ասում է` մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու խնդիր չենք դրել, մենք ուզում ենք հարաբերությունները լավացնել ձեզ հետ, ուզում ենք շահ ստանալ ոչ միայն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելուց, այլեւ շահ ստանալ Էստոնիայի, ԵՄ մյուս երկրների հետ հարաբերությունները խորացնելուց: Մի խոսքով, դուք մեզ աջակցեք, իսկ մենք ձեզ` ոչ: 

Սովորական պայմաններում Փաշինյանի այս հայտարարությունն էլի ինչ-որ տեղ կարելի էր նորմալ ընկալվել. մենք ուզում ենք բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենալ եւ օգտվել այդ հարաբերություններից: Բայց ոչ կոնկրետ դեպքում: Որովհետեւ ԵՄ երկրները ընտրությունը շատ կոնկրետ են դրել` կա՛մ դու Ռուսաստանի հետ ես եւ մեր դեմ ես, կա՛մ մեզ հետ ես եւ Ռուսաստանի դեմ ես:

Իսկ ի՞նչ է լինում այն երկրների հետ, որոնք չունեն արժեքային համակարգ, չունեն սկզբունքներ եւ ինքնուրույն չեն կողմնորոշվում, թե ում են համարում դաշնակից եւ բարեկամ, իսկ ում՝ հակառակորդ եւ թշնամի: Այդպիսի երկրների ճակատագիրը որոշում են ավելի ուժեղները` ով հաղթում է, նա էլ այդ երկիրն առնում է իր ենթակայության տակ, այնպես, ինչպես աճուրդում դրված մի ապրանք, որը դառնում է դրա դիմաց ամենաշատը վճարելու պատրաստակամություն հայտնածի սեփականությունը: