Ինչ էին նշանակում Թրամփի խոսքերը

Ինչ էին նշանակում Թրամփի խոսքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքում հանրահավաքի ժամանակ խոսել էր հայերի մասին՝ ասելով, որ նախանձում է հայերի ոգուն։

«Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: Նրանք սիրում են իրենց երկիրը։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ իրենց գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և շատ նվիրված են իրենց երկրին: Աշխատում ենք որոշ ուղղություններով»,- ասել է Թրամփը հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանին հարցրինք՝ արդյոք ինչ-որ բան նշանակում են Թրամփի այս խոսքերը Արցախաադրբեջանական պատերազմի առումով, թե պարզապես նախընտրական ճառ էր․

«Ես կարծում եմ՝ նախընտրական մեկ-երկու նախադասություն էր, որի տակ որևէ բան, կարծում եմ, չդրվեց, որովհետև առանձնապես միտք էլ չհնչեց,միայն ասվեց, որ ինչ-որ բաներ անում են, այսինքն՝ մոտավորապես ասաց այն, ինչը ասել էր պատերազմի հաջորդ օրերին, որ «տեսնենք, թե ինչ կարող ենք անել»։ Ես կարծում եմ, որ Թրամփը մեծ հաշվով նկատի ուներ մեր արտգործնախարարի գալիք այցը Վաշինգտոն, ես տեղեկություն չունեմ՝ արդյոք Ադրբեջանի արտգործնախարարը ևս կմեկնի՞ Վաշինգտոն, թե ոչ, որպեսզի հասկանանք՝ արդյոք սա եռակո՞ղմ հանդիպում է լինելու։ Համենայն դեպս, կարծում եմ՝ Թարմփի հայտարարությունը ամբողջությամբ նախընտրական տրամաբանության մեջ է պետք դիտարկել»։