Եթե «միջանցքը» տրվեց, առանց մեկ վայրկյան մտածելու՝ հրաժարական կտամ

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ եթե Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքը» տվեիցին, ինքը հրաժարական կտա։ Ի դեպ, Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունից է:
Ադրբեջանի նախագահը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին եւ բոլոր առիթներով հայտարարում է՝ «բացելու ենք Զանգեզուրի միջանցքը»։ Բաքուն Հայաստանից պահանջում է միջանցք տրամադրել, որով Ադրբեջանը կկապվի Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ եւ դա կլինի Հայաստանի հսկողությունից դուրս։ Այն պետք է անցնի Մեղրիով՝ կապելով Նախիջեւանը Ադրբեջանին։
«Զանգեզուրի միջանցք»-ն արդեն միջազգային շրջանառության մեջ մտած տերմին է, չնայած որ Փաշինյանը պնդում է, թե ոչ մի դիվանագիտական հարթակում, որեւէ փաստաթղթում չկա միջանցք տրամադրելու մասին պայմանավորվածություն։
«Վարչապետն ասել է՝ միջանցքի վերաբերյալ պայմանագիր չկա, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ չկա նման բան, եւ մենք պատրաստ չենք միջանցք տրամադրել։ Հավատում ենք վարչապետի խոսքին»,-ասաց Մեղրու համայնքապետ։ Դիտարկմանը, որ ժամանակին էլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ պատերազմից հետո ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում եւ ամբողջությամբ հանձնեց այն, Անդրեասյանի դեմքին ժպիտ առաջացավ, սակայն հարցին պատասխան չգտավ․ «Չեմ կարող ասել, դրա պատասխանը չեմ կարող տալ, այդ հարցն ինձ մի ուղղեք, խնդրում եմ»։
Անդրեասյանը շեշտում է՝ միջանցքին դեմ է եւ՛ բնակչությունը, եւ՛ ամբողջ Սյունիքը, եւ՛ ամբողջ Հայաստանը։ «Ես չեմ ճանաչում այնպիսի մարդու, որ կստորագրի միջանցքի տրամադրումը, հավատում եմ վարչապետի ասածներին։ Ինձ թվում է՝ միջանցք չի լինի, ճանապարհների բացում կլինի, իսկ դրան դեմ չենք։ Սահմանազատումից եւ սահմանագծումից եւ խաղաղության պայմանագրից հետո նոր կարելի է ճանապարհները բացել»,-ասաց նա։
Անդրեսայանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026-ին, եթե մինչ այդ Հայաստանը կատարի Ալիեւի պահանջը՝ «Զանգեզուրի միջանցքը» տրվի, ի՞նչ կանի Մեղրու համայնքապետը։
«Ես դեմ եմ որպես Մեղրիի բնակիչ, որպես սյունեցի»,-նշեց նա, իսկ հրաժարական կտա՞ք, պատասխանեց․ «Իհարկե կտամ, առանց մեկ վայրկյան մտածելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարծիքներ