Ադրբեջանում գովաբանում են Փաշինյանի վարած հակաեկեղեցական քաղաքականությունը

Ադրբեջանում գովաբանում են Փաշինյանի վարած հակաեկեղեցական քաղաքականությունը

Ադրբեջանական Caliber պարբերականն իր վերլուծական հոդվածներից մեկում, ի շարս այլ թեմաների, որոնք կապված են Հայաստանի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, բավականին նկատելի գովասանքով է արտահայտվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նրա վարած հակաեկեղեցական քաղաքականության, հայկական ինքնության ավանդական հենասյուները կազմաքանդելու եւ նոր տեսակի հայկական ինքնություն ձեւավորելու համար։ 
Հոդվածում ասվում է, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառ․կմ տարածքով, այդպիսով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, որը, ըստ էության, 180 աստիճանով տարբերվում է նրա՝ 2019 թվականին ունեցած տեսակետից։

Հոդվածագիր Մուրադ Աբիեւը Փաշինյանին համարել է Հայոց պատմության համար նշանակալի անձ եւ հատկապես մատնանշել նրա հակաեկեղեցական քաղաքական գիծը՝ միաժամանակ արձանագրելով, որ հայկական ինքնության ավանդական հենասյուների պահապանը, ըստ էության, համարվում է Հայ առաքելական եկեղեցին։

Ըստ Աբիեւի, կաթողիկոսին մարտահրավեր նետելը Փաշինյանից որոշակի համարձակություն եւ խիզախություն է պահանջել։ Ադրբեջանցի վերլուծաբանը կարծում է, որ հայկական նոր ինքնությունը, որը կձեւավորվի Փաշինյանի գործողությունների արդյունքում, զերծ կլինի այն բոլոր հենասյուներից, որոնք հայկական ինքնության հիմքերն են կազմել մինչ օրս։