ԳԱԱ-ի աջակցությամբ Արցախում նոր գիտական ուղղություններ կզարգանան 

ԳԱԱ-ի աջակցությամբ Արցախում նոր գիտական ուղղություններ կզարգանան 

Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանն օրերս Արցախում հանդիպումներ է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի եւ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ, որոնց հետ քննարկել է Արցախի գիտական կենտրոնի զարգացման եւ ուժեղացման հարցերը, ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական խմբեր կամ լաբորատորիաներ:

Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Բացի այդ, Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի եւ ԳԱԱ   էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաներն Արցախում, իսկ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը, ըստ ԳԱԱ նախագահի, շատ կարեւոր է Արցախի տնտեսության զարգացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

«Մինչեւ այս տարվա վերջը կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարինե պլյուս» կաթնաթթվային մթերքը՝ արտադրված հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի ամբողջ Արցախի պահանջարկը»,- կարեւորել է Աշոտ Սաղյանը: