Այո, մեր օրակարգում է ԵՄ անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը

Եվրոխարհրդարանում վարչապետն իր ելույթում հստակ արձանագրեց՝ Հայաստանը պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան որ Եվրամիությունն է պատրաստ։
Եվս մեկ անգամ պետք է արձանագրեմ՝ մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ հարաբերությունների և արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, մեր քաղաքակրթական, քաղաքական զարգացման ուղղությունը, ՀՀ-ում ժողովրդավարության կայունացումը, նաև այն հանգամանքը, որ ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով կարևոր նշանակություն ունի ԵՄ դիտորդական առաքելությունը, որի տեղակայումից հետո էականորեն դինամիկան փոխվել է ՀՀ սահմաններում: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ թե արդյոք ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու շուրջ քննարկումներ կան:
«Ես արդեն պատասխանեցի այն կոնտեքստում, որ կոնտեքստում խոսել է վարչապետը, ՀՀ- ԵՄ հարաբերությունների կոնտեքստում։ Թե ինչ օրակարգեր կլինեն առաջիկայում, դրանց վերաբերյալ կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով, երբ որ դրանց վերաբերյալ կլինեն համապատասխան որոշումներ։ Բայց ես արձանագրում եմ, որ այո, մեր քաղաքականության, մեր օրակարգում է ԵՄ անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը»,- ասել է նա:
Կարծիքներ