Դատարանը մերժեց Ռ.Քոչարյանի նիստը ընտրություններից հետո անցկացնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռ.Քոչարյանի նիստը ընտրություններից հետո անցկացնելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ դատական նիստը։

Նիստին Արմեն Գեւորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց հետաձգել այն եւ նշանակել մայիսի 25-ից հետո, քանի որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի եւ չի կարող մինչ այդ ներկայանալ դատարան։

Ռ.Քոչարյանի պաշտպաններն էլ իրենց հերթին միջնորդեցին դատական նիստը հետաձգել, բայց արդեն մինչեւ հունիսի 20֊ը։ Նրանք պատճառաբանեցին, որ երկրորդ նախագահը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ տեղի է ունենալու քարոզարշավ, իսկ դրան ամբողջությամբ մասնակից լինելու համար պետք է նիստերը հետաձգել։

Դատախազը առարկեց հունիսի 20֊ից նիստ անցկացնելու վերաբերյալ։

Դատարանը, ի վերջո, որոշեց հաջորդ նիստը անցկացնել մայիսի 25-ին` մերժելով Քոչարյանի պաշտպանների ընտրությունը։