Արմեն Ղուլարյանը կարողացե՞լ է ապացուցել իր հավատարմությունը

Արմեն Ղուլարյանը կարողացե՞լ է ապացուցել իր հավատարմությունը

Որ պաշտոնյան հրաժարական է տալիս կամ ինչ որ կերպ հեռանում է, նրա զբաղեցրած պաշտոնն ամիսներով թափուր է մնում՝ ինչ որ ժամանակավոր պաշտոնակատարի հույսին։ Երբեմն, իհարկե, ԺՊ-ները նաեւ նշանակվում են այդ պաշտոնին, բայց դրա համար մի լավ քրտնելուց հետո՝ երբ Նիկոլ Փաշինյանին ապացուցում են իրենց հավատարմությունը, իրենց՝ նրան ծառայելու անխոնջ կամքն ու պրոբլեմներ չստեղծելու ունակությունը։ Ինչպես եղավ ոստիկանապետի կամ ԱԱԾ տնօրենի դեպքում։
Դեռեւս այս տարվա փետրվարի 5-ին ձերբակալվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Նրան մեղադրեցին կոռուպցիոն գործարքների համար՝ մի քանի դրվագով։ Եւ այդ պաշտոնը թափուր է մինչ օրս։ Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նրա առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն է։ Սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ նա այս 3 ամսվա ընթացքում կարծես թե կարողացել է ապացուցել իր հավատարմությունը <արքային> եւ շուտով կնշանակվի այս պաշտոնին։
Սակայն ամբողջ բանն այն է, որ Ղուլարյանը բոլորովին չի համապատասխանում հեղափոխական իշխանությունների կադրային քաղաքականության, գոնե արտաքուստ հռչակված, նորմերին։ Նա ամենադասական <Սերժի մնացուկներից> է՝ 1999-2014 թվականներին եղել է Տավուշի մարզպետ, 2014-16 թվականներին քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Ավելի վաղ եղել է Իջեւանի քաղաքապետ, դրանից առաջ՝ սովետական տարիներին Իջեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ Այսինքն, հին է՝ բոլոր իմաստներով։ Եւ տարիքի առումով էլ չի տեղավորվում թիմի պատկերացումներում՝ 66 տարեկան է։ Կենսագրության առումով էլ անբասիր չէ։ Գոնե՝ իջեւանցի վարչապետը այդ պատմություններին հաստատ տեղյակ է։ Որպես պաշտոնյա էլ առանձնապես աչքի չի ընկել իր կրեատիվ մտածողությամբ, կամ՝ բարեփոխիչ լինելով։ Գուցե դերակատարում է ունեցել վարչապետի զեմլյակը լինելու փաստը։
Փաստ է, որ այլեւս որեւէ հարցում Նիկոլ Փաշինյանի որոշումների տրամաբանությունը չի հասկացվում։ Եւ հասարակությունը դիտորդի կարգավիճակում ստիպված է հետեւել նրա որոշումներին եւ դրանց արդյունքում ծագող իրավիճակին։