Մեկնարկել է «Արմմոնո Plus»-ը

Մեկնարկել է «Արմմոնո Plus»-ը

Նոյեմբերի 7-ից մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը, որն այս տարի նվիրվեց կյանքից վաղաժամ հեռացած թատերագետ Նվարդ Ասատրյանի հիշատակին։ Փառատոնը կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը:

«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները ներկայացնում են իրենց աշխատանքները:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 5 մոնոներկայացում. Անի Գեւորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն), Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն):

Բացի այդ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան (Մ. Մակդոնախ` «Բարձ Մարդը»), Թեհմինե Խաչատրյան (Հ․ Թեքգյոզյան` «Մատնահետք»), Ծովինար Մարտիրոսյան (Չ. Այթմաթով` «Կառափնարան»), Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան (Ֆ. Դոստոեւսկի` «Խեղճ մարդիկ»):  

«Արմմոնո Plus» փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Հանդիպումները կանցկացվեն «Լոֆտում» (դերասանուհի Տաթեւ Ղազարյանի հետ` «Ձայնը՝ աշխատանքային գործիք» թեմայով, պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ` «Շարժումը բեմում» թեմայով, ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ` «Արդի դրամատուրգիան եւ Հայաստանում գործող թատրոնները» թեմայով, դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ` «Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները» թեմայով, սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ` «Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում» թեմայով):