Քիչ է մնում՝ «Մենք բոլորս բոմժ ենք» կարգախոսին անցնեն

Քիչ է մնում՝ «Մենք բոլորս բոմժ ենք»  կարգախոսին անցնեն

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր մարզային այցելությունների մեկնարկը տվեց Գյումրիից: Գյումրու «Արագած» մարզամշակույթային կենտրոնի դահլիճում ուրբաթ օրը տեղի ունեցավ  Մանուկյանի եւ նրա համախոհների հանդիպումը:

Գյումրիում գործող «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը նախապես  գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ ինքն ու իր ընկերներն անպայման մասնակցելու են այդ հանդիպմանը:

- Պարոն Թումասյան, ի՞նչ ակնկալիքներ ունեիք այդ հանդիպումից:

- Անկեղծ ասած, ես միշտ փորձել եմ քաղաքականությամբ չզբաղվել, հեռու մնալ, բայց այնպիսի իրավիճակում ենք, այնպիսի ողբերգություն ապրեցինք, որ ուզենք-չուզենք՝ մասնակից ենք դառնում: Գիտեք՝ մեր բախտը բերել է, որ Վազգեն Մանուկյան կա: Նա հայ գաղափարախոսության վերջին շրջանի պայծառ դեմքերից է, որպես ազգային-պետական գործիչ իր վրա մեծ բեռ է վերցրել: Նույնիսկ, վիրավորանքներն է կուլ տալիս: Անկեղծ ասած, ես չէի կարող նույն համբերությունն ունենալ: Հանդիպումը լեփ-լեցուն դահլիճում անցավ, բայց ողբերգությունն այնքան մեծ է, որ լավատեսությունը ժողովրդի մոտ կորել է, զգաստացման պահը դեռ չեմ տեսնում:Մենք հին, ողբերգություն ապրած, հոգնած ազգ ենք, այսօր էլ  ցուրտը, քաղցը, վիշտը մարդկանց հոգսերը կրկնապատկել են, անտարբեր են դարձել: Ժողովրդի մոտ փողոցային հեղափոխության հիշողությունները դեռ թարմ են, եւ շատերը չեն ուզում փողոց դուրս գալ, բայց հուսամ, որ 1-2 ամսից իրավիճակը կփոխվի: Ինձ համար անհասկանալի է մի խումբ մարդկանց նվիրվածությունն այսօրվա իշխանությանը: Այնպիսի վտանգավոր պառակտման շեմին ենք, որ այդ պառակտումն արդեն ընտանիքներ է թափանցել:

- Վազգեն Մանուկյանի  մուտքը Գյումրի խոչընդոտներով եղավ, մի շարք քաղաքացիներ փակեցին նրա ճանապարհը,  որին  հետևեց Մանուկյանի արտահայտությունը, թե բոմժեր էին, ու մեծ քննարկման առիթ հանդիսացավ: ի՞նչ կասեք:

- Երկրի առաջին վարչապետ, հաղթանակած նախարար, կիսով չափ գյումրեցի, ու գոռալ դավաճան կամ չգիտեմ ինչ…: Ես բավական հանդուրժող անձնավորություն եմ, բայց եթե հիմա մեկը մտնի մոտս ու սկսի հայհոյել, ի՞նչ  պիտի անեմ: Կամ պիտի ես էլ հայհոյեմ, վիճեմ, հարվածեմ, կամ ոստիկանություն կանչեմ: Նրան էլ համբերությունից հանեցին: Ի դեպ, ես այդ փողոց փակողներին՝ գրեթե բոլորին, ճանաչում եմ: Զգուշացրել էի, որ Մանուկյանը կգա-կգնա, բայց թշնամանքը կմնա, այնուամենայնիվ, այդ պահին նախընտրեցին իրենց անձնական շահը: Ինչ մնում է  ոմանց հայտարարություններին՝ բոմժ արտահայտության հետ կապված, երբ ժամանակին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կոչով էինք հանդես գալիս, քիչ է մնում՝ հիմա էլ «Մենք բոլորս բոմժ ենք» կարգախոսին անցնեն:

- Ձեր ամենօրյա աշխատանքը սոցիալապես անապահով խավի հետ առնչվելն է, տարատեսակ  մարդկանց հետ եք շփվում, ինչպե՞ս են տրամադրված:

- Ցավալիորեն պիտի ասեմ, շատ-շատերն անհամբերությամբ սպասում են ճանապարհները բացվելուն: Ես այսօր ամենամեծ հնարավորություններն ունեմ երկիրը լքելու, բայց ասել եմ՝ մայրս ու հայրս մեր ցեղի վերջին գաղթականներն են լինելու: Եթե Հայաստանը պիտի լինի գերեզման, թող լինի բոլորիս գերեզմանը:

- Շիրակի մարզպետը օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց, նոր մարզպետի անունն էլ գրեթե հայտնի է, նոր հույսեր չեն ներշնչո՞ւմ:

- Խելամիտ մարդն այս պայմաններում կաշխատի՞: