Հավատացող չկա
Մի տարի էլ գլորեցինք: Հանրապետության հրապարակում սկսվել են երկրի թիվ մեկ տոնածառի տեղադրման աշխատանքները: Անցյալ Նոր տարուն մենք արդեն Արցախ չունեինք: Հիմա էլ չունենք ու պատրաստվում ենք հերթական տարին դիմավորել առանց Արցախի՝ մենակ: Ալիեւն այնքան ողորմած կգտնվի՞, որ մինչեւ Նոր տարի հետ տա գերիներին, ու գոնե այդկերպ մխիթարվենք… չգիտեմ: Նիկոլն ասում է՝ ինչ պետք է, անում ենք, որ այդ հարցը լուծվի: Հավատա՞մ: Մի ժամանակ էլ ասում էր՝ մեր գերիները մեզ կհասկանան, կներեն, մի երկու ամիս կհամբերեն: Տարիներ անցան, նոր գերիներ ավելացան, մի ամբողջ Արցախ գերվեց, թուրքը մեր տուն մտավ: Հավատա՞մ Նիկոլին, որ նա ամեն ինչ անում է այս մղձավանջը ցրելու համար…
2020թ. նոյեմբերի 10-ին կապիտուլացված Նիկոլը բունկերում էր: Այսօր արդեն 2024թ. նոյեմբերի 10-ն է, իսկ կապիտուլացված Նիկոլը հեծանիվ է քշում: Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել այս նոնսենսը, աբսուրդը, անոմալիան… Դուք մի պահ այդ պարտված երեւույթին պատկերացրեք Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ղեկավարի փոխարեն: Որտե՞ղ կլիներ նա 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվանից սկսած: Սարսափելի է նույնիսկ պատկերացնելը: Բայց զուտ այն պատճառով, որ նա Հայաստանի ղեկավարն էր, մնաց վարչապետի պաշտոնում եւ հիմա հեծանիվ է քշում: Պատերազմից երկու շաբաթ անց գլուխը բունկերից հանեց, եկավ ԱԺ ու հայտարարեց, որ մի քանի ամիս հետո (եթե չեմ սխալվում` 6 ամիս) վերականգնելու է մեր կորցրածը, տեղն է գցելու երկրի տնտեսությունը, չգիտեմ էլի ինչեր: Տեր կանգնե՞ց իր հայտարարություններին: Ու հիմա ես ինչպե՞ս հավատամ նրա բարբաջանքին, թե հետամուտ է գերիների վերադարձի խնդրին:
2021թ. մայիսին թշնամին առաջին անգամ մտավ Հայաստանի սուվերեն տարածք: Նույն թվի հունիսի 20-ին Նիկոլն արտահերթ կերպով «վերընտրվեց» վարչապետի պաշտոնում: Երկնուղերձ խոստումներ, վերամբարձ ծրագրեր, պոպուլիստական աճպարարություններ… Վերընտրվեց: Եվ ի՞նչ: Ոչինչ: 21 թվի նրա ամենամեծ քաջագործությունն այն եղավ, որ 44-օրյա պատերազմի տարելիցին հերոսների ծնողների ծեծուջարդով մտավ Եռաբլուր: Իսկ ինչ վերաբերում է երկնուղերձ խոստումներին ու կառավարության ծրագրերին, ապա դրանք ինչպես կային, այդպես էլ մնացին` որպես օդ կրակված ու թղթի վրա մրոտած մտքեր:
Սահմանազատում, սահմանագծում, «խաղաղության խաչմերուկ», խաղաղության պայմանագիր, իրական Հայաստան եւ մի «կուստառնի» քարտեզ․ սրանք են Նիկոլի վերջին երկու տարվա խաղալիքները: Կիրանցը տվեց, անկլավները տալիս է, «Զանգեզուրի միջանցքն» էլ՝ շուտով: Հարցնում են՝ էս ի՞նչ ես անում, այ ընկեր: Դեմքը ծամածռում է, աչքերը ոլորում, հոնքը քշտում վերեւ, թե՝ ինչ պետք ա, էն էլ անում եմ: Բա Սահմանադրությո՞ւնը… Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենք, ի՞նչ պատասխանատվություն, ի՞նչ վախ ու ահ, որ մի օր կդատեն իրեն այս ամենի համար: Հրեն՝ հեծանիվ է քշում, կնգան դրել կողքը` ավտո է քշում: Ինքն ամեն ինչի մասին հոգացել է նախապես: Կորուստների ու խայտառակությունների մեղավորը «բոլորն» են՝ ողջ հայ ժողովուրդը՝ ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի: Դրա մեջ մտնում են նախկինները, ընդդիմությունը, Ալեն Սիմոնյանը, Միրզոյան Արոն, Քոչարյան Անդոն, Միքայելյան Սասունը, գեներալ Գագիկը, հարուստ տղերքից Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բեխաբար տղերքից Վահագն Խաչատուրյանը, պատգամավորական կորպուսի տռուսիկավոր եւ անտռուսիկ ուսապարկերը, մինիստրները, ԱԱԾ-ն, ՊՆ-ն, ՆԳՆ-ն, ՔԿ-ն, դատախազը, ՄԻՊ-ը, Բալասանյան դաշինքը, Պողոսները… Բոլորը՝ իրենից բացի:
Պետք եղավ՝ փուռը կտա բոլորին ու չոր դուրս կգա այս գործից: Արդարադատության նախարարին էլ ժամանակին փոխեց, որ եթե բան է, ուրիշ «վլաստ» գա, ու ինքը հայտնվի բանտում, «կլյուչնիկը» յուրային լինի: Ասում եք՝ գերինե՞ր… Այս վիճակում հայտնված մարդը գերիների ճակատագրո՞վ պետք է հետաքրքրվի: Ես չեմ հավատում:
Վերեւում՝ մեղավորների մեջ, Գեւորգ Պապոյանի անունը հատուկ չնշեցի, որովհետեւ համեմատաբար նորանշանակ նախարար է՝ չեղած բանի նախարար: Բայց դուք լսեք, թե Նիկոլն ինչ է ասում այս նորաթուխ նախարարի շուրթերով. «Խաղաղության խաչմերուկը Հայաստանի, մեր հարեւանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է»: ԱԳՆ խոսնակն էլ հայտարարել էր, որ Բաքվից ստացել են «խաղաղության պայմանագրի» հերթական խմբագրումները: Բնականաբար՝ ոչ մի տեղեկություն այն մասին, թե հատկապես ինչ են «խմբագրել» Բաքվից: Հիմա ինձ ասեք՝ իրար կողքի դնելով ԱԳՆ հայտարարությունն ու Պապոյանի «բարձրաձայնումը», ի՞նչ մտածեմ ես: Ամեն ինչ պարզ է, չէ՞, պարզ է, որ սրանք պատրաստվում են Բաքվի պահանջով «իրագործել», այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկ» օպերացիան, որի տակ «Զանգեզուրի միջանցքն» է: Հեծանվորդն ասում է՝ Ադրբեջանի հետ մենք միջանցքի հարց չենք քննարկում: Ծը… Հավատացող չկա:
Կարծիքներ