Աշոտյանն ու Շարմազանովը՝ ինձ հետ միասին, նաեւ ձայներ են բերում մեր ցուցակի համար

Մեծ գաղափարները միշտ էլ առնչվում են մեծ հոշոտողների հետ: Այս հզոր միտքը երեկ մենք տեսանք Ֆեյսբուքում, ԱԺ նախկին նախագահ, լրագրողների սիրելի «մաեստրո» Գալուստ Սահակյանի էջում։ Պարզվում է՝ նա ակտիվ ֆեյսբուքահայ է։ Կապ հաստատեցինք նրա հետ՝ պարզելու, թե իսկապե՞ս ինքն է վարում այս էջը, եւ իսկապե՞ս իր մտքերն են տարածվում այդ էջով։
«Թող մնա դա գաղտնիք, բայց իմ գրառումներն են»,- իրեն հատուկ ոճով պատասխանեց Գալուստ Գրիգորիչը։ Նրան նաեւ հարցրինք «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակից, որտեղ ՀՀԿ-ի հին, կարկառուն դեմքերը ներկայացված չեն, հիմնականում երիտասարդներ են։
«Քաղաքականության մեջ հին ու նոր չկա, պարզապես մենք գնացել ենք էդ ճանապարհով, մեր ամբողջ կուսակցությունը, մեր խորհուրդը, գործադիր մարմինը՝ բոլորս պայքարում ենք, մենք մի նպատակ ունենք՝ օտարել նրան, ով չգիտեմ որ ազգից է»,- ասաց Գալուստ Գրիգորիչը։
- Բայց այդ նպատակի իրագործման հարցում փորձառու, ճանապարհ անցած քաղաքական գործիչներ պետք չե՞ն։
- Փորձառու քաղաքական գործիչներն էսօր աշխատում են ժողովրդի հետ եւ պարզաբանում են մի քիչ առավել, ինչ որ քեզ պարզաբանեցի, էնպես որ, իրենց գործը կատարում են։ Դա մենք այդպես ենք որոշել, որ որոշակի ջահելություն լինի, որպեսզի կարողանանք նաեւ հետագայում ավելի ուժեղացնել մեր կուսակցությունը, որը մեր պետության համար է։
- Աշոտյանը, Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանն այլեւս ջահե՞լ չեն։
- Ոչ միայն իրենք են, այլ շատ-շատերը կան իրենց հետ, որոնք պատրաստված են ժամանակի մեջ, եւ բոլորը պայքարում են այսօրվա մեր վճիռն իրագործելու համար։ Մեզ համար էս պահին խնդիր չի Ազգային ժողով մտնելը, այլ մեզ համար օտար, ոչ հայ մարմնին կարողանանք չեզոքացնել, որ մեր պետությունը պետություն դառնա։ Մանավանդ, էսօր հանրապետության օրն է, ես ցավով պետք է ասեմ, իհարկե՝ շնորհավորելով հանրապետության գաղափարը, էսօր էդ հանրապետությունը էլ մենք չունենք։ Մենք հիմա վերստեղծելու ենք մեր հանրապետությունը։
- «Պատիվ ունեմ» դաշինքին՝ այս թիմով, կհաջողվի՞ վերստեղծել մեր հանրապետությունը։
- Ճիշտն ասած՝ ես գտնում եմ, որ ոչ թե պիտի խոսենք՝ պատիվ ունի, թե չունի, այլ հայ ազգն իր ուղղորդող ճանապարհն ունեցել է եւ պիտի շարունակի։ Եկավ ժամանակ, երբ էսպիսի աննորմալ իրավիճակ ստացվեց հայ ազգի համար, հիմա մենք պիտի կարողանանք ոտքի կանգնեցնել։ Եվ կարծում եմ՝ երկու-երեք տարվա մեջ ինչ-որ արդյունքներ կունենանք եւ որոշակիորեն կլուծենք էն խնդիրները, որոնք մենք միշտ մեր առջեւ ենք դրել։
- Ի դեպ, Ձեր որդին՝ Արման Սահակյանը, ընդգրկված է ցուցակում, սա ինչո՞վ է պայմանավորված, մի կողմից ասում եք՝ սերնդափոխություն եք ուզում անել, Ձեր ասած՝ ջահելությունը պիտի գա, մյուս կողմից էլ Ձեր որդին, որ Աշոտյանի, Շարմազանովի հասակակիցն է, նրանք չկան, իսկ ինքը կա։
- Որովհետեւ, կարծում եմ, էդպես քննարկման առաջարկ չենք դարձրել, կարծում եմ, որ ինքը բավականին լուրջ ձայներ ունի, եւ էդ ձայները, որպեսզի տեղավորվեն ընդհանուր մեր պրոբլեմների մեջ, Արման Սահակյանը կարողանում է օգտագործել․․․
- Այսինքն՝ ձայն բերելու համար է մտել ցուցակ։
- Ոչ միայն ձայն բերելու համար, այլ նա շատ կոռեկտ, քաղաքավարի քաղաքական գործիչ է։ Այսինքն՝ ինձ կարող են որեւէ բան ասել, որն իրականությանը չի համապատասխանի, իսկ Արման Սահակյանի մասին որեւէ մեկը վատ բաներ չի կարող ասել, որովհետեւ նա բավականին կոփված տղամարդ է։
- Իսկ Աշոտյանը, Շարմազանովը ձայն չունե՞ն։
- Աշոտյանն ու Շարմազանովը՝ ինձ հետ միասին, նաեւ ձայներ են բերում մեր ցուցակի համար։ Էդպես ենք որոշել։ Ոչ թե էդտեղ խնդիրը եղել է՝ ով լինի, ով չլինի, այլ պարզապես էդպես ենք որոշել։ Քիչ առաջ էլ ես խոսում էի, մենք բավականին երիտասարդներ ենք տեղադրել, մեկ-երկու հոգի էդպես դրել ենք ընդհանուր ցուցակի մեջ, որպեսզի հնարավոր լինի, նաեւ եթե Ազգային ժողովում մարդիկ լինեն, որպեսզի մեր ուղիները, մեր միջոցները, մեր պատմությունը կարողանան մյուսներին հաղորդել։ Եվ նրանք էլ, կարծում եմ, էնպիսի մարդիկ են, որ շատ կարճ ժամանակահատվածում քաղաքական գործիչներ կդառնան։
- Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրությունների ֆավորիտը լինելու մասին ի՞նչ կասեք, ասում են՝ ավելի շատ շանս ունի՝ գալու իշխանության, եւ այս ֆոնին «Պատիվ ունեմ» դաշինքը կարծես երկրորդ ջութակի դեր է խաղալու։
- Ռոբերտ Քոչարյանն ազգային հերոս է, նա կարողացել է մեր երկրի համար բավականին մեծ գործեր անել, առավել եւս մենք իր հետ միասին բավականին լուրջ գործընթացներ ենք ապահովել։ Այսօր այն մասին, որ խոսում են՝ ինչ է կատարվել այդ տարիների ընթացքում, բոլորը ռեալ ճշմարտություն են, այդ ընթացքում պետության կառավարման գործում բավականին մեծ դերակատարում է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետներ Վազգեն Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը եւ խորհրդարանական քաղաքական թիմը։ Բոլորս միասին հնարավոր ենք դարձրել երկրի զարգացման պրոցեսը։ Ընդ որում, այդ ժամանակաշրջանում բավականին հաջողություններ ենք ունեցել, որը ցանկացել ենք հետագայում շարունակել։
- Իսկ համաձա՞յն եք, որ ֆավորիտը Քոչարյանն է, ու ավելի շատ նա իշխանության գալու, Փաշինյանին տապալելու շանսեր ունի։
- Գիտե՞ք, ընտրական ժամանակաշրջան է, չեմ կարծում՝ էդ մասին պետք է խոսել, ընդ որում, թե՛ ինքը կունենա, թե՛ մենք կունենանք ձայներ, էդ բոլոր ձայները խանգարելու են, որպեսզի Փաշինյանը մեջտեղից դուրս գա։
- Իսկ Դուք ի՞նչ դերակատարում կունենաք, մասնակցություն կունենա՞ք ընտրական պրոցեսներին։
- Ես այսօր էլ մասնակցում եմ ընտրական պրոցեսներին եւ բավականին մեծ քարոզչություն եմ իրականացնում։
- Դուք ձայն ունե՞ք, ինչպես, օրինակ, Ձեր որդին։
- Ես կարծում եմ՝ իմ ձայներն ամբողջ հանրապետությունով մեկ է, ես բավականին նորմալ կարգավիճակ եմ ունեցել Ազգային ժողովում եւ կարծում եմ, որ իմ ձայները ոչ թե միայն Աջափնյակում, այլ ամբողջ հանրապետությունում իր դերն ու դերակատարումն ունեն։
Կարծիքներ