Մարդկանց մոտ առաջնային շոկ է, անհատական աշխատանք պետք է տարվի
Հանրապետական եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոններն այս օրերին հոգեբանական խորհրդատվություն եւ աջակցություն են տրամադրում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Մենք փորձեցինք պարզել, թե մինչ օրս մասնագիտական խմբերն այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարել, եւ հոգեբանական ինչ խնդիրներ ունեն հայրենի երկրից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք են առաջարկել իրենց ծառայությունները, եւ իրենց կենտրոնի հոգեբաններն անմիջապես արձագանքում են բոլոր զանգերին։ «Ամսի 20-ից Գորիսի փոխհամայնքապետի հետ ենք խոսել, պայմանավորվել, որ նման դեպքերի պարագայում արձագանքում են, երեկ ամբողջ օրը մեր հոգեբանների հետ Գորիսի տվյալ կետում էինք, որոշ մարդկանց հոգեբանական աջակցություն է տրամադրվել, երեխաների մասով այս պահի դրությամբ դեռեւս 9 երեխայի տվյալ ունենք, որից 2-ը խնդիր չունեին, մնացած 7-ի մասով էլ վաղը պետք է արձագանքենք, քանի որ նոր ենք իմացել եւ վաղը պետք է այցելենք տվյալ գյուղական համայնք»,- նշեց Հ․ Շալունցը եւ հավելեց, որ իրենց կենտրոնի թիմը տեղում աշխատում է՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր կանչերը։
«Ընդհանուր առմամբ, Կարմիր խաչի հոգեբաններ կան այդ կետերում, այլ կազմակերպությունների հոգեբաններ՝ եւս, որ իրենց օգնությունն են առաջարկել։ Մեր կենտրոնն էլ անընդհատ կապի մեջ է, եւ հենց զանգը ստանում ենք, իսկույն արձագանքում ենք, չհաշված, որ մենք առանց զանգի էլ այդ այցերը կատարում ենք»։
Ի՞նչ խնդիրներ են արձանագրում այդ այցերի ժամանակ, եւ հիմնականում հոգեբանական խնդիրներ ավելի շատ ո՞ր տարիքային խմբերի մոտ են նկատվում։ «Հիմնականում հղի կանանց շրջանում են եղել, երեխաների նման դեպք առայժմ դպրոցները չեն արձագանքել, քանի որ դեռ 2 դպրոցում կա քիչ թվով երեխա, հետադարձ կապով դեռեւս տվյալ չեմ ստացել, բայց անընդհատ կապի մեջ ենք, մի հատ էլ բանավոր տնօրենների հետ պետք է խոսենք»,- ասում է կենտրոնի տնօրենն ու հավելում, որ երեխաներին դպրոցներում տեղավորելու գործընթացը երեկվանից արդեն սկսված է։
Մարդկանց մոտ առաջնային շո՞կ է, թե՞ գործ ունենք ավելի լուրջ տրավմաների հետ։ «Հիմնականում առաջնային շոկ է»,- ասում է տնօրենն ու հավելում, որ մեկ հանդիպումից հետո դժվար է ասել, թե ինչքան աշխատանք պետք է տարվի յուրաքանչյուրի հետ, որովհետեւ այդ մարդիկ նաեւ տեղափոխվում են տեղից տեղ, եւ հենց Գորիսում բոլորը չեն հանգրվանում։
Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Աննա Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս պահին համագործակցում են դպրոցների հետ եւ տեղեկատվություն են հավաքում Սիսիանի բոլոր դպրոցներից ու բուհերից, թե քանի արցախահայ երեխա է տեղափոխվել, ու նրանցից քանիսն է ընդգրկված կրթական պրոցեսում։ «Կապ ենք հաստատել նաեւ հյուրանոցների հետ՝ պարզելու համար դարձյալ երեխաների թիվը, նրանց գտնվելու վայրն ու կարիքները, նաեւ՝ թե ովքեր են կրթությունից դուրս մնում, որ երեխայի մոտ ինչ հոգեբանական խնդիր կա ներկա պահին, ինչ ինֆորմացիա կա հավաքագրված։ Մեր հոգեբանները դպրոցներ մուտք կգործեն արդեն վաղվանից, ինֆորմացիան 80 տոկոսով արդեն հավաքագրել ենք, եւ առաջինը, որի շուրջ պետք է զրույց ունենանք երեխաների ու նրանց ծնողների հետ, ինքնախնամքի մասին է, այսինքն՝ սթրեսի ինքնակառավարման մասին։ Պետք է աշխատենք երեխաների ու նրանց ծնողների հետ, որպեսզի կարողանան այդ շոկային իրավիճակից բնականոն ձեւով դուրս գալ եւ ոչ թե արհեստական միջոցներ ձեռնարկեն։ Մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասում է կենտրոնի տնօրենն ու ընդգծում՝ առաջինը, ինչ արել ու շարունակում են անել, ինֆորմացիայի հավաքագրումն է։
«Որպես այդպիսին, դեռ հոգեբանական աշխատանքներ չենք տարել, միայն մեր աշխատակիցներից մեկը, որ Կարմիր խաչի հայկական գրասենյակում է աշխատում, այս պահին ավելի շատ ինքն է ընդգրկված այս աշխատանքներում, բայց կոնկրետ մեր մասնագետները ներկա պահի դրությամբ ինֆորմացիա են հավաքագրում, որպեսզի սկսեն աշխատանքները, այսինքն՝ կարիքների գնահատում պետք է անենք, հետո նոր սկսենք աշխատանքը»,- ասում է զրուցակիցս։
Ըստ նախնական կարիքների գնահատման՝ ի՞նչ ծավալի մասին է խոսքը։ «Այս պահին մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներ՝ ինֆորմացիայի հետ կապված, մեզ ուղարկել են 15 դպրոցից ինֆորմացիա, ամեն դպրոցում ներկա դրությամբ մոտավորապես 2-3 երեխա է ընդգրկված Արցախից, բայց աշխատանքները շարունակվում են, եւ պետք է հասնենք նրան, որ որեւէ երեխա, որեւէ խնդիր դուրս չմնա»։
Կենտրոնի տնօրենը մեր հայրենակիցներին մի քանի խորհուրդ է տալիս, թե ինչպես վերաբերվել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, որպեսզի էլ ավելի չխորացնենք նրանց հոգեբանական խնդիրները։ «Նախ, որեւէ քայլ երեխաների ու նրանց ծնողների հետ պետք է ինքնանպատակ չլինի, այսինքն՝ միայն մեր էմոցիաներին տրվելով՝ չպետք է քայլերի դիմենք, ամեն ինչ նպատակային պետք է լինի, իսկ նպատակը մեկը պետք է լինի՝ օգնել նրանց։ Խորհուրդ կտամ՝ էմոցիաներին չտրվենք, բայցեւ թողնենք, որ մեր արցախահայերը տրվեն իրենց էմոցիաներին, պինդ լինելու, եւ այլ հռետորական կոչեր չանենք, որովհետեւ դա իրենց խոցում է, քանի որ հուզական շեմը հիմա իրենց մոտ շատ բարձր է, եւ պետք է թույլ տանք, որ իրենք արտահայտվեն։ Հնարավորինս օգնենք, բայց չմոռանանք, որ այդ օգնությունը շատ ժամանակ կարող է իրենց վնասել։ Պետք է համակարգված գործողություններ անենք եւ որպես մասնագետ մոտենանք մարդուն եւ ոչ թե ամեն մեկս, չլինելով մասնագետ, ներկայանանք այնպիսի օգնող կողմ, որի վրա կարող են հույս դնել։ Ուղղակի խոսքեր, հուսադրող ենթատեքստով շարադրանքներ չլինեն, դա շատ կարեւոր է, որովհետեւ իրենք առանց այդ էլ խոցված են այս պահին։ Մի բան էլ եմ ուզում նշել՝ օգնելը միշտ չէ, որ ենթադրում է միջամտություն, այսինքն՝ շատ ժամանակ, երբ զգում ենք, որ մեր հուզական շեմն այնքան բարձր է, որ չենք կարող օգնել, առաջ չընկնենք, որովհետեւ հաճախ կարող ենք անդառնալիորեն վնասել մեր դիմացինին եւ ինքներս մեզ։ Սառնասրտորեն վերաբերվենք այդ ամենին, չտրվենք մեր էմոցիաներին, որպեսզի կարողանանք ինչ-որ օգնություն ցուցաբերել եւ նեղ անձնական հարցադրումներ չանենք, որն այս պահին ոչ մեկին չի օգնի, ու դրանով առանց այն էլ իրենց ցավոտ կողմերին չկպնենք։ Ով մտածում է, որ դա իր անելիքը չէ, ավելի լավ է հումանիտար օգնությամբ զբաղվի, բայց ո՛չ՝ հոգեբանական»,-ընդգծում է մասնագետը։
Մենք կապ հաստատեցինք նաեւ այլ մարզերում գործող մի քանի կենտրոնի հետ, բայց մեզ ասացին, որ դեռ նոր են համակարգում աշխատանքները՝ շրջաբերականներ ուղարկելով տարբեր կրթական ու սոցիալական կենտրոններ եւ իրականացնելով կարիքների գնահատում։
Կարծիքներ