Ընտրությունը պետք է «թալանչի»-ից եւ «դավաճան»-ից դուրս լինի

Ընտրությունը պետք է «թալանչի»-ից եւ «դավաճան»-ից դուրս լինի

Դատելով «Կրթվելը նորաձեւ է»-ի շրջանակներում Փաշինյան Նիկոլի ներգրավվածության չափից, ինչպես նաեւ՝ ընդդիմության «իրար խանգարողների» աննախադեպ նախաձեռնողականությունից, կարող ենք արձանագրել, որ երկրում նախընտրական քարոզարշավն այլեւս սկսված է: Եվ հենց այդ նախընտրական քարոզարշավի շրջանակներում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը ձեռնամուխ են եղել ընտրության ջրբաժաններ սահմանելուն:

Այս առումով, կարծես թե արտասովոր ոչինչ չի պատահել, որովհետեւ բոլոր երկրներում էլ նախընտրական գործընթացները հենց այդ տրամաբանությամբ էլ ընթանում են: Սակայն մենք մեզ նման չէինք լինի, եթե այս պարզ նախընտրական տրամաբանության մեջ անգամ մեզ մոլորեցնող ու ապակողմնորոշող երանգներ չներառեինք:
Բայց քանի որ մենք մենք ենք ու չենք փոխվել, ուրեմն չէինք կարող այս անգամ եւս չգնալ ու գնում ենք ինքներս մեզ խաբելու, ինքներս մեզ մոլորեցնելու ճանապարհով: Գնում ենք, որովհետեւ ինչպես 2018-ից հետո է եղել, այսօր եւս փորձում ենք երկրին ստիպել, որ նա ընտրություն կատարի միայն «նախկինները թալանչի են»-ի եւ «սրանք դավաճան են»-ի միջակայքում:

Այնինչ, այս ընտրություններում այս երկրի գործը ո՛չ «թալանչիի» եւ ո՛չ էլ «դավաճանի» միջեւ ընտրություն կատարելը չէ: Նրանց միջեւ ընտրություն կատարելը չէ, որովհետեւ այս երկրի գործն այսօր այս Հայաստանի եւ իր գործն իմացող ու իր ինքնավստահության կարեւորությունը գիտակցող վաղվա Հայաստանի միջեւ ընտրություն կատարելն է:
Իսկ այդ ընտրությունն այն մասին չէ, որ միայն այն բանի համար, որ «նախկինները» հետ չգան, ուրեմն «սրանք» պիտի չգնան: Ճիշտ հակառակը` այս ընտրությունն ընտրություն է այն մասին, որ եթե այսօրվա իշխանությունները պիտի չգնան, ապա նրանք դա պիտի չանեն միայն այն դեպքում, երբ երկիրը փոխելու, նոր երկիր կառուցելու իրենց տեսլականն ուրիշների տեսլականից ավելի իրատեսական եւ ավելի իրականանալի տեսլական կլինի: 
Այս իմաստով չգնալու, իշխանությունը չզիջելու մնացած բոլոր պատճառներն ու հիմնավորումները ոչ մի բանի մասին եւ ոչ մի բան չասող պատճառներ ու հիմնավորումներ են լինելու: Նույնն է նաեւ ընդդիմության պարագայում: Միայն այն, որ այս ընդդիմության իշխանավարման տարիներին երկրում կոռուպցիա է եղել, դեռեւս նրան իշխանության չթողնելու բավարար պայման չես համարի: Այս ընտրություններում այս երկրի գործն ընդդիմությանը՝ իր իշխանավարման տարիներին երկրում կոռուպցիան չհաղթահարելու պատճառով իշխանության չթողնելը չէ: Նրա գործը պետությունը փոխելու, ավելի արդյունավետ ու ավելի բարգավաճ պետություն կառուցելու նրա ծրագրերին եւ հաշվարկներին հավատալը կամ չհավատալն է:

Այս իմաստով, արտահերթ, թե հերթական գալիք ընտրություններում ընտրությունը պետք է «թալանչիի» եւ «դավաճանի» միջեւ ընտրություն կատարելուց դուրս ընտրություն լինի: Այն պետք է այս երկրի չունեցած դեմոկրատիան ամեն կերպ աշխարհի վրա վաճառել «ցանկացողի» եւ երկրի գործարաններն ու գիտաարտադրական ձեռնարկությունները «վերականգնողի» միջեւ ընտրություն լինի:

Այդ ընտրության մի կողմում պետք է հակակոռուպցիոն պայքարով երկրում սոցիալ-իրավական արդարություն «հաստատողը», իսկ մյուս կողմում Հայաստանի քաղաքացու արդարության եւ արդարադատության պահանջների սպասարկումը նաեւ արժանապատիվ եւ երաշխավորված աշխատանքով «ապահովողը» լինի:
Այդ ընտրությունը չպետք է նաեւ երկրի սահմանները պատով կամ պահածոյի տուփով «պաշտպանողների» միջեւ ընտրություն լինի: Այդ ընտրությունը պետք է «դրանց» եւ երկրի բանակը վեցերորդ կամ յոթերորդ սերնդի պատերազմի հմտությունները «սովորեցնողի» եւ դրան համապատասխան նրան «սպառազինողի» միջեւ ընտրություն լինի:
Այդ ընտրությունը չի կարող նաեւ կազմակերպված պետության մասին ու դրա համար ընտրություն լինել: Գալիք ընտրություններում այս երկրի գործն արդյունավետ պետություն ընտրելու մասին պետք է լինի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ