Վրացիներն ավելի հարգալից են հայ լրագրողների աշխատանքի նկատմամբ, քան հայ պաշտոնյաները

Վրացիներն ավելի հարգալից են հայ լրագրողների աշխատանքի նկատմամբ, քան հայ պաշտոնյաները

Մի քանի օր շարունակ սկզբում Արսեն Թորոսյանն ու իր գերատեսչությունը, ապա իշխանամետ ֆեյսբուքցիները ծամում էին հայ լրագրողների միսը՝ դատապարտում մեզ, թե ՀՀ առողջապահության նախարարի խոսքն աղավաղել ենք, խեղաթյուրել են։ Որ մենք՝ լրագրողներս ենք մեղավոր հայ-վրացական վերջին տարաձայնության կապակցությամբ, քանի որ Արսեն Թորոսյանի խոսքերը՝ հնչեցված Հանրային խորհրդի նիստում ճիշտ չենք ներկայացրել, դրանով իսկ հարուցել են վրացական իշխանությունների դժգոհությունը եւ Հայաստանին ուղղված հանդիմանությունը։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը ՀԽ օնլայն քննարկման ժամանակ հայտարարել էր, թե իբր կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանն ունի ավելի վատ հակահամաճարակային եւ առողջապահական համակարգ։ Դրան արձագանքել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության Ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, Թորոսյանի հայտարարությունը որակելով որպես «ոչ դիվանագիտական», ասել էր, որ զարմացած է նման գնահատականներից։ Դրան հետեւեցին Վրաստանից այլ արձագանքներ՝ բոլորը վրդովված։ Եւ սկսվեց լրագրողների դատափետման գործընթացը, թե մենք սխալ ենք մեկնաբանել, սխալ ենք ներկայացրել իր խոսքը եւ այլն։ Չնայած՝ ամեն ինչ օնլայն արձանագրված է եւ բոլորը կարող էին դա լսել ու տեսնել։ 

Եւ ահա՝ այսօր արդեն Վրաստանի ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Չենգիզ Ցերցվաձեն  վրացական  interpressnews.ge կայքում պաշտպանել է հայ լրագրողներին:

Նա ասել է․ « ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 22-ին, մեղմ ասած, ոչ ճիշտ և մոլորեցնող հայտարարություն է տարածել Վրաստանի մասին: Դրանից հետո Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները բացատրություն են տվել, իբր Թորոսյանը նման բան չի ասել, և նրա հայտարարությունը սխալ է մեկնաբանվել ԶԼՄ-ների կողմից: Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ սա ևս մեկ ապատեղեկատվության փորձ է, քանի որ ես անձամբ եմ լսել պարոն Թորոսյանի խոսքը, որում նա առանց որևէ հիմքի հայտարարում է, որ հակահամաճարակային իրավիճակը Հայաստանում ավելի լավ է, քան Վրաստանում»,-հայտարարել է Ցերցվաձեն: