Օրենքի՞ դիկտատուրա

Օրենքի՞ դիկտատուրա

Իսկապես, օրենքի՞ դիկտատուրա: Իսկ ո՞ր օրենքի: Օրինակա՞ն օրենքի, թե՞ ձեր կողմից անօրեն ընդունված հակասահմանադրական օրենքի (օրենքների, այն էլ՝ բազմաթիվ)… Ա՞յն օրենքի, որ սահմանափակում է դնում առաջին հերթին իշխանության առջեւ, թե՞ մնացած բոլորի… Ա՞յն օրենքի, որ հնարավորություններ է ստեղծում ներդրումների ներհոսքի համար, թե՞ փակում է դրանց ճանապարհը… Ա՞յն օրենքի, որ հնարավորություն է ստեղծում մարդկանց ստեղծարար էներգիայի ծավալման առումով, թե՞ միտված է գործող իշխանության քիմքին անհարիր այս կամ այն երեւույթի կամ նույնիսկ անձի դեմ… 

Իսկ ո՞վ է դիկտատորը… Հանուն ազգի եւ պետության քուն ու հանգիստ չունեցող մե՞կը, թե՞ կեսօրին գինու շիշը կողքին քնածը… Հանուն ժողովրդի ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ թիմ կազմողն ու ջանք ու եռանդ չխնայո՞ղը, թե՞ պարգեւավճարներով պատեհապաշտ ու ապաշնորհ «ուսապարկեր» հավաքագրողը… Հասարակությունը համախմբողն ու նյութական եւ հոգեւոր հաղթանակների տանող ա՞նձը, թե՞ այն պառակտողն ու պարտությամբ հպարտացողը… 

Տարիներ առաջ, երբ ուսումնասիրում էի անտիկ հունական պոլիսային բռնակալների (դիկտատորների) պատմությունները, ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ նախանձում եմ հին հույներին: 2500-3000 տարի առաջ հույն բռնապետներն օժտված էին թե՛ հայրենասիրությամբ, թե՛ պետական մտածողությամբ եւ թե՛ գիտակցական բարձր մակարդակով: Եվ երբ նրանք նույնիսկ դրակոնյան օրենքներ էին մշակում ու ներդնում (մ. թ. ա. 7-րդ դար, Աթենք), ի տարբերություն մերօրյա բռնապետիկի, դրանք նպատակաուղղված էին ոչ թե սեփական իշխանության երկարաձգմանը, այլ պոլիսային հասարակության զարգացմանը: Եվ կրկին, ի տարբերություն օրենքի դիկտատուրայով իրեն չընդունող հասարակությանն սպառնացող անձի, դրանք տարբերակում չէին դնում «մերոնքականների» եւ «ոչ մերոնքականների» միջեւ:

Ի գիտություն իրեն չընդունողներին օրենքի դիկտատուրայով սպառնացող անձի եւ նրա կամակատարների. օրենքի դիկտատուրան չեզոք է եւ անկողմնակալ, այն հավասարապես է ազդում բոլորի վրա՝ լինեն նրանք «մերոնքականներ» թե «ձերոնքականներ»: Իսկ եթե խախտվում է նշված հիմնական պայմանը, այն վերածվում է անօրեն դիկտատուրայի, այն բանի, ինչ գոյություն ունի այսօր, եւ, նույն ձեւով շարունակվելու դեպքում, գոյություն կունենա վաղը: Եվ հեչ զարմանալի չի լինի, եթե այն շարունակի գոյություն ունենալ, երբ դրա պատճառով վերանա հայոց պետականությունը: Կարծում եմ, որ անօրեն դիկտատուրայի լավագույն օրինակը եռագույն ժապավեններով մուրճ թափահարողին մատուցվում է անմիջական մեր հարեւաններից՝ արեւելքից եւ արեւմուտքից:

Ի դեպ, համացանցի առկայության շնորհիվ պարզվել էր, որ վերջինիս հիմնադրած կուսակցության խորհրդանշանը (լոգոն) եւ հունիսի 20-ի արտահերթ ընտրության քարոզարշավի կարգախոսը կրկնօրինակված էին թուրքական իրականությունից: Սակայն քանի որ եռագույն ժապավեններով մուրճի թուրքական հետքը չի բացահայտվել, ապա ենթադրում եմ, որ այդ գաղափարը նիկոլական «փիառի գուրուները» փոխ էին առել աֆրիկյան որեւէ երկրի փորձից: Այնպիսի մի երկրի, որտեղ անգրագիտությունն ու բռնապետությունը փոխլրացնում են միմյանց եւ գոյություն ունեն միմյանց շնորհիվ: Ստացվում է, որ եռամյա նիկոլական «ժողովրդապետության» արդյունքում ավելի քան երեք-չորս հազարամյա (գոնե մեզ հայտնի գրավոր աղբյուրներից) քաղաքակրթական պատմություն ունեցող մեր ժողովուրդը հավասարեցվեց աֆրիկյան կիսաքոչվոր ինչ-որ մի ցեղի մակարդակին: