5 երազողները եւ ձին

5 երազողները եւ ձին

Միջազգային հեղինակավոր մի շարք պարբերականներ անդրադարձել են երիտասարդ կինոռեժիսորներ Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «5 երազողները եւ ձին» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան կայացավ գարնանը` Նիյոնի Visions du Réel հեղինակավոր կինոփառատոնում: Ֆիլմն ընդգրկված էր նաեւ կանադական կինոփառատոնի Hot Docs Canadian International Documentary Festival մրցութային ծրագրում: Հուլիսի 11-ին ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիական FIDMarseille կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություններ» ծրագրում, նույն օրը այն կներկայացվի նաեւ հայ հանդիսատեսին` «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային մրցութային ծրագրի շրջանակում: Մինչ այդ, թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք ֆիլմի շուրջ միջազգային առաջատար մամուլում տեղ գտած արձագանքները: 

cineuropa.org (MURIEL DEL DON). Արեն Մալաքյանի եւ Վահագն Խաչատրյանի «5 երազողները եւ ձին» ֆիլմը, որը 2022 թվականին Visions du Réel կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագրում ցուցադրվեց որպես համաշխարհային պրեմիերա, մեր դատին է ներկայացնում կերպարների հարուստ պատկերաշար, որոնք փորձում են իրենց ինքնությունն ամրապնդել հեղձուկ «նորմի» սահմաններից դուրս: Երկու ռեժիսորների ըմբռնող, գեղագիտական եւ բանաստեղծական հայացքով՝ «5 երազողները եւ ձին» Հայաստանի «երեք դեմքն» է ցուցադրում. առաջինը քաղաքային հիվանդանոցի վերելակավարուհին է, որը խորհրդային տարիների խանդավառ եւ մոլի ջատագով է ու երազում է տիեզերագնաց դառնալ, երկրորդը գյուղացի տղա է, որը կատարյալ կին է փնտրում, բայց առճակատվում է ամլության խնդրին: Երրորդը երկու պատանի երաժիշտներ են, որոնք պայքարում են իրենց բնույթին հավատարիմ մնալու, ազատության համար եւ խորհրդանշում են ձգտումը դեպի բաղձալի ու իդեալականացված Արեւմուտքը:

Արեն Մալաքյանն ու Վահագն Խաչատրյանը ֆիլմ են ստեղծել երազանքների, կատարյալ ապագայում ապրելու ձգտման մասին, ապագա, որտեղ կարելի է հերոս դառնալ: Ռեժիսորները միաժամանակ վճռական ու հարգալից են կերպարների հանդեպ եւ մեզ թույլ են տալիս դիտել հանրությանը՝ առանց ամեն ինչ ու ամենքին վերահսկել ցանկացող կառավարության պարտադրած շղարշների: Ֆիլմը պատկերում է բազմաշերտ հասարակությունը, որտեղ ավանդույթները բախվում են սահմանները վերաձեւող երիտասարդների ազատամտությանը:

screendaily.com (AMBER WILKINSON). Արեն Մալաքյանի եւ Վահագն Խաչատրյանի յուրօրինակ եւ գրավիչ վավերագրական ֆիլմում ժամանակակից Հայաստանն է՝ չորս տարբեր տեսանկյունից: Ֆիլմի պրեմիերան կայացավ շվեյցարական Visions du Réel կինոփառատոնի շրջանակներում: Սա ռեժիսորների առաջին համագործակցությունն է, թեպետ անցյալում երկուսն էլ կարճամետրաժներ են նկարել։ Հերոսները ներկայացված են դիմապատկերների շարքով՝ իրենց փոքրիկ թագավորություններում պարփակված, եւ ռեժիսորները մեզ թույլ են տալիս, որ ինքներս առնչություններ գտնենք նրանց միջեւ:
Վերնագրում հինգ երազողների մասին է ասվում, բայց չորս կերպար կա: Երիտասարդ աղջիկների՝ Ամասիայի եւ Սոնայի տարածքը տանիքն է, այնտեղ նրանք ազատ են ամենուր հանդիպող հասարակական նախապաշարմունքներից: Նրանց աշխարհը հեռու է գյուղացի Կարենի՝ ձիու տիրոջ աշխարհից: Կարենն էլ իր սիրային մարտահրավերների առաջ է կանգնած, ցանկանում է կին գտնել, որը կհամաձայնի գյուղում ապրել նրա հետ: 60-ն անց Մելանյան խարխուլ հիվանդանոցային վերելակի տիրուհին է, բայց նրա ձգտումներն այս աշխարհից չեն: 

Չնայած պատումի առումով ֆիլմը երբեմն կտրուկ է, բայց տրամադրության փոփոխություններն էականորեն փափկում են Ավետ Տերտերյանի երաժշտությամբ, որը երբեմն եթերային է, զգացմունքներ ծնող, երբեմն էլ՝ հակասականորեն ալեկոծ: Երկրի հակասությունները երեւում են նաեւ աշխարհագրությամբ. լայնարձակ ձյունածածկ դաշտերը, որտեղ Կարենը ձի է քշում, Ամասիայի եւ Սոնայի շենքի տանիքը, հին հիվանդանոցային վերելակի ճռռաձայն բանտը եւ խստատես բազմահարկ շենքերը, որոնք տեսնում ենք ֆիլմի վերջում: Մալաքյանն ու Խաչատրյանն արժանին են մատուցում երազանքների ուժին, բայց նաեւ հիշեցնում են, որ իրագործելի թվացող երազանքները երբեմն կարող են ավելի քան անհասանելի լինել:

povmagazine.com (BARBARA GOSLAWSKI). Ի սկզբանե ռեժիսորներ Վահագն Խաչատրյանը եւ Արեն Մալաքյանը կարճամետրաժ ձեւաչափով են մտահղացել ֆիլմը եւ կառուցել որպես զուգորդվող եւ միահյուսվող փոքր վավերագրումների համախումբ: Դրվագների միջեւ կապը ոչ միշտ է ակնհայտ, բայց դա ֆիլմի օգտին է: Նախաբանի հաղորդած երազային երանգը ֆիլմի հիմնական շարժիչ ուժն է: 
Կարենի ձին ավելի շատ այլաբանություն է, իսկ հինգերորդ մարդու ինքնությունը բացահայտվում է ապշեցնող եզրափակիչ մասում: Այս անորսալի կերպարներն են դնում ֆիլմի հոգեւոր հիմքը: Այդպես նրբագեղության եւ մարդկայնության ակնթարթները միահյուսվում են իրականության դաժան կողմերին, որոնց առերեսվում են անհատները: 

«5 երազողները եւ ձին» ավելի է հզորանում նկարահանման լարված ու նորարարական ոճով, որը կյանք է տալիս ֆիլմի գրավչորեն անշտապ ռիթմին: Մալաքյանն ու Խաչատրյանը դիտողին հմտորեն ընկղմում են ֆիլմի մեջ եւ ամեն հերոսի ներկայացնում ուրույն մարտավարությամբ:
Իրավիճակները խրթին են, բայց ֆիլմը կատարելապես փոխանցում է, թե ինչ կարեւոր, թեպետ անշոշափելի ուժեր են մարդկանց առաջ մղում: Ֆիլմը դիտողին կլանելով՝ կարեկցանք է արթնացնում եւ ներկայացնում երազելու ձգտումը՝ որպես կյանքին ներհատուկ պահանջ։

Սրաթափանց դիտողական ոճով «5 երազողները եւ ձին» ֆիլմը հույսեր, ձգտումներ ունենալու՝ խոր արմատներ գցած պահանջի քնարական տեսլականն է: Ֆիլմը որեւէ պատասխան չի տալիս, դա ընդամենը կյանքի պատառիկ է: Բայց «5 երազողները եւ ձին» հուշում է, որ կյանքը շարունակվում է: Ոչ միշտ է ընթանում մեր երազած ձեւով, իրականությունը սողոսկում եւ իր խոսքն է ասում, բայց անդադար երազելու, հուսախաբության դեմ կռիվ տալու ձգտումը մնում է անսասան եւ անհաղթ:


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ