Գոնե մի բաքվեցու դեմոբիլիզացրել եմ

Գոնե մի բաքվեցու դեմոբիլիզացրել եմ

Հարցազրույց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Դավիթ Երեւանցու հետ


- Պարոն Երեւանցի, 1974-ից ապրում, ստեղծագործում եք Փարիզում, բայց պարբերաբար գալիս եք նաեւ Հայաստան, այս անգամ ի՞նչ առիթով եք գտնվում հայրենիքում։ 

- Ես միշտ եմ գալիս Հայաստան, իմ Երեւան, որովհետեւ հենց այնպես չեմ կնքվել Երեւանցի։ Ես ծնվել եմ Երեւանի Նալբանդյան փողոցում՝ գեղեցիկ 4-հարկանի շենքում, որը Երեւանի առաջին շենքերից մեկն էր։

- Ամեն այցից հետո ինչպե՞ս է Երեւանը փոխվում Ձեր աչքերում:

- Փոխվում է, օրինակ՝ քաղաքի տարբեր անկյուններում, Կասկադի շրջակայքում փոքրիկ ժանգոտած ավտոբուսներ կան, որ կանգնած են մայթերի վրա ու ինչ-որ ծառայություն են մատուցում հակաէսթետիկ պայմաններում։ Նախ՝ այդ ջուրը որտեղի՞ց է գալիս, ինչպե՞ս են լվանում բաժակները, չէ՞ որ վարակը սկսվում է հենց նման հակասանիտարական պայմաններից։ Միեւնույն է, Երեւանի ցավը տանեմ, բայց եկեք Երեւանի հանդեպ մեր սերը  չխառնենք բիզնեսի հետ, որը բիզնես էլ չէ, անորակ երեւույթ է, որը քաղաքը տգեղացնում է։ Վերջերս տեսա, որ 2 հատ պակասել է, ուրախացա։ Հետո՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը շատ կարեւոր տեղ է մեր քաղաքում, որի հեղինակը՝ Սպարտակ Կնտեղցյանը, մեր ամենատաղանդավոր ճարտարապետներից մեկն է եղել։ Հայրենական պատերազմին մասնակցել էր, ոտքը կորցրել, տաղանդավոր մի անձնավորություն էր, որ կառուցեց ամառային դահլիճը, որի դիմաց՝ մայթի վրա, մի անշնորհք սրճարան կա, որը չեմ հասկանում, թե ում է պետք։ Չգիտեմ ով է դրա տերը, ես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, բայց թող գեղեցիկ անեն, որպեսզի պիտանի լինի մայր Հայաստանին։

- Ընդհանուր քաղաքային միջավայրն այս տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել, մահարձաններով, մոնումենտալ քանդակներով քաղաքն ավելորդ չի՞ ծանրաբեռնվում։

- Դա հայ ժողովրդի որակն է, տաղանդավոր ժողովուրդ ենք, բայց կարեւորը՝ որակով գործ լինի։

- Օրինակ, շատ մասնագետների կարծիքով, երբ աշխարհը գնում է դեպի թեթեւ, պոզիտիվ ասելիքով քանդակները, որոնք նաեւ մեծ տարածք չեն զբաղեցնում, մեզ մոտ շարունակում են մոնումենտալ, տարբեր տարելիցներին նվիրված մահարձաններով քաղաքը լցնել։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

- Կարծում եմ, որ հայ ժողովուրդը եվրոպական ժողովրդին կարող է ընդօրինակել, բայց նրանցից ամեն մեկը յուրովի անհատականություն է, ամեն ճարտարապետ, արվեստագետ չպետք է նմանվի Եվրոպային։ Հայաստանը Հայաստան է, Եվրոպան էլ՝ Եվրոպա։ Իսկ ընդհանրապես՝ որոշում են գեղարվեստական խորհուրդները, ես որոշում եմ կոմպոզիցիան, կատարողականության որակը, իսկ դրանք տեղադրելու հարցերը քաղաքային հարցեր են, որ քաղաքապետն է որոշում։ 

- Աշխարհում ի՞նչ միտումներ եւ լուծումներ կան՝ քաղաքային միջավայրը մարդկանց ավելի հարմարավետ դարձնելու համար։

- Քաղաքաշինական առումով ուրբանիզմը մեզ մոտ բացակայում է, օրինակ՝ եթե «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մոտից հանեն այդ սրճարանը, միջավայրը կշնչի, որովհետեւ շատ լավ է կառուցված ճարտարապետական առումով։

- Երբ գալիս եք Երեւան, գնո՞ւմ եք տեսնեք՝ Ձեր քանդակներն ինչ օրի են, ոնց են պահպանվում։

- Իհարկե, արձանները լվացողներն արդեն ինձ գիտեն, ու երբ գումար եմ տալիս, համեստորեն հրաժարվում են, բայց դե՝ ես ստիպում եմ, որ վերցնեն ու գարեջուր խմելուց էլ ինձ օրհնեն։

- Իսկ կա՞ գործ, որ նայում եք ու մտածում, որ եթե հիմա անեիք, մի փոքր այլ լուծում կտայիք։

- Նման դեպք չի եղել, ճիշտ հասկացեք՝ ես սիրահարված չեմ իմ գործերին, եւ լավագույնից լավագույնը միշտ էլ կա, բայց դա ժամանակը պետք է որոշի։  

- Հիմա ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործի վրա եք աշխատում։

- Բոլոր գործերս դժվարությամբ բերել եմ Հայաստան, որ պետք է նվիրեմ իմ հոբելյանական ցուցադրությանը, մեկ ամսից դառնում եմ 81 տարեկան, բայց, ինչպես տեսնում եք, լավ եմ պահպանված, որովհետեւ քարոզում եմ չծխել, հնարավորության սահմաններում առողջ սնվել, նաեւ քիչ եմ խմում՝ օրական մեկ բաժակ, ոչ ավել։ 

- Փաստորեն, Ձեր երկարակեցության գաղտնիքն է։

- Չէ, ուղղակի ես մամայիս տղան եմ, մամաս ապրեց 102 տարեկան եւ գնաց՝ ինձ թողնելով մենակ։ Ճիշտ է, ունեմ երեխաներ՝ օտար կանանցից, բայց հայից դեռ չունեմ, ինչի հարցում իմ գեներն ինձ թելադրում են ու ասում են՝ Դավիթ, կունենաս, ու մի հայ կնոջից պիտի ունենամ․․․։ 

- Վերադառնանք Ձեր քանդակներին, որ տեղափոխել եք Հայաստան, ենթադրում եմ՝ թանգարան ունենալու հեռանկար ունեք։

- Այդ բոլորը պետք է նվիրեմ մայր Հայաստանին, դեռ 50 գործ էլ ունեմ Փարիզում, նրանք էլ կամաց-կամաց պետք է բերեմ այստեղ, ու երբ ուզում են գնել, ասում եմ՝ չեն վաճառվում, դրանք Հայաստանի նվերն են։

- 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, վանքեր անցան թշնամուն, որոնք արդեն պղծվում են, յուրացվում Ադրբեջանի կողմից: Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրայից հանեցին գմբեթները, պատերից մաքրում են հայկական գրությունները: Մեր ձայնը կարծես լսելի չէ, բայց ինչո՞ւ են լուռ միջազգային կառույցները:

- Միազգային հանրությունը լուռ չէ, ես շատ լավ ընկերներ ունեմ, որոնք հայ ժողովրդի պատմությունը շատ լավ գիտեն, եւ դա նորություն չէր, որ այդ պատերազմը եղավ, եւ նորություն չէ, որ պետք է նորից լինի, բայց հաղթանակը մերն է լինելու։ Այդ օրգանական ճշմարտությունը, որ ապրում է հայ ժողովրդի մեջ, երբեք չմոռանաք։ Դա վերադառնալու է, այն էլ ինչպե՜ս։ Երբ խաղաղություն լինի մեր հայ ժողովրդի գիտակցության մեջ, որպեսզի մենք կարողանանք կառուցել մի ճիշտ տրամաբանություն, կրթել երիտասարդներին, սիրել ազգային պատմությունը։ Դարեր շարունակ խեղճ Արցախը մատնվել է պատերազմի, բայց վերջը լավ է լինելու, հայ ժողովուրդը նաեւ այդ փոքրիկ ինքնաթիռները կունենա (նկատի ունի դրոնները), որոնք վիրավորել են մեր զինվորներին, ովքեր հաշմանդամ են դարձել ու հիմա բուժվում են։ Տա Աստված, որ խաղաղությունն իշխի ավելի երկար, եւ մենք կարողանանք գալ ընդհանուր հայտարարի ապագա հաղթանակներով։ Ես չեմ կասկածում, որ կգա այդ օրը, հնարավոր չէ, որ հայը դա ների, թե ինչ է պատահել՝ դավաճանություն, թե ոչ, դա ինձ չի հետաքրքրում, բայց հիմա պետք է դատ ու դատաստան լինի, գտնեն հանցագործներին, պատժեն նրանց։ Ես ոչ մի քաղաքական գործչի կողքը չեմ, ես քաղաքացի ու երեւանցի Դավիթն եմ, որը խաղաղության ու հաղթանակի կողմնակիցն է։ 

- Այս պատերազմն ինչպե՞ս անդրադարձավ մեր երկրի հոգեւոր-մշակութային կյանքի վրա: 

- Շատ վատ, բայց պատերազմ պետք է լիներ․․․

- Կարծում եք՝ պատերազմն անխուսափելի էր ու հնարավո՞ր չէր կանգնեցնել։ 

- Կարելի էր կանգնեցնել, բայց տարբեր ուժեր կային․․․ գիտեք, ես չկամ այդ քաղաքական հարցերի մեջ, բայց հեռուստացույցով անընդհատ լսում էինք, որ հաղթում ենք, հետո տեսանք, որ պարտվում ենք, այ, դա ես չհասկացա․․․։

- Կատարվածից հետո մարդիկ խորը հիասթափություն են ապրում, ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ն հաղթահարել ու առաջ շարժվել։            

- Ես վստահ եմ դրանում, հայ ժողովուրդն այնքան դժվարություն է տեսել ու հաղթահարել, որ դա էլ կհաղթահարի, իսկ միասնությունը հաղթանակի հիմնական ուժն է։ Եթե ես կրակել իմանայի, կգնայի, բայց կրակել չգիտեմ, ես արվեստով եմ զբաղվում, սպորտսմեն եմ եղել։ Մի բան պատմեմ․ բանակում ինձ մի ադրբեջանցի շատ ագրեսիվ ձեւով վիրավորեց, հետո էլ հայհոյեց, բայց չէր իմանում, որ բռնցքամարտիկ եմ, սպորտի վարպետ։ Դանակը հանեց ու ինձ կանչեց դուրս, մետր 80 սմ հասակ ուներ այդ սրիկան, ասեց՝ ես ատում եմ ձեզ ու պիտի քո արյունը թափեմ։ Քանի որ շատ բարձրահասակ էր, ու ծնոտին չէի կարող հասնել, շեղեցի ուշադրությունը ու ուժգին հարվածեցի, ծնկեց, եւս 2 հարված հասցրի, ու նա արդեն նոկաուտի մեջ էր, պարզվեց՝ ծնոտը կոտրել եմ, ինչի համար ինձ դատեցին, բայց 3 ամիս հետո ազատվեցի։ Հիմա որ հիշում եմ՝ մտածում եմ, որ գոնե մի բաքվեցու դեմոբիլիզացրել եմ։ Չեմ ուզում ատելություն սերմանել, բայց դրանք մարդասեր չեն։