Աղքատությունը «մարդու գլխում է», ագահությունը՝ փորում․․․
Եկավ, չեկավ՝ իրենց աշխատավարձերը բարձրացրեց, բայց սրտին դարդ եղավ, որ իրենց աշխատավարձերը, ինչպես ընդունված է աշխարհում, պիտի ավելի շատ հարկվեն։ Դե հո երկու միլիոն ստացողն ու 60 հազար ստացողը նույն ձևով չէին հարկվելու։ Եվրոպայում ընդունված կարգ է՝ բարձր աշխատավարձերից ավելի շատ պետական հարկ են վճարում։ Բայց ձեռքները փող էր ընկել, շա՜տ փող և ի զարմանս Եվրոպայի՝ հարկային համահարթեցում անցկացրեց, օրենք հանեց, և 60 հազար աշխատավարձ ստացողը հարկվում է նույն տոկոսադրույքով, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թանկարժեք պաշտոնյաները։ Աղքատ, պատերազմող երկրում երկրում աստղաբաշխական թվերով իրենց եկամուտների բարձրացումը չէր սոսկալի ցավը, այլ այն, որ որ նրանք արդեն իրենց մեծացած որովայնից այն կողմ ոչինչ չէին տեսնում, անգամ մարդկանց արհամարհանքը։ Փնտրում էին հարստանալու, ժողովրդի բերանից «վերջին թիքան» խլելու նորանոր հարկահավաքության ձևեր ու հինգ տարուց ավելի է՝ այդ գործին են։ Հասել են մարդկանց ոսկորին։
Եվ ի վերջո Փաշինյանը հասավ իր բաղձալի կարմիր գծերին։ Բայց դե ինքը չի երևում։ Նախկինում այնքան էր խոսել կարմիր գծերի, հարկային թալանի մասին , որ մի կողմ է քաշվել, իբր ինքը դրա հետ կապ չունի, բոլորովին մի այլ կազմակերպություն է այդ գործերով զբաղվում։
Կառավարության նիստում մի ժամ թվարկում է, թե ինչ մանկապարտեզի տանիք է վերանորոգել, որտեղ է ասֆալտ արել, բայց կարմիր գծերը Ավինյանն է թանկացնում, բանակում չծառայելու համար փողի գանձումը Պապիկյանն է կատարում․․․ Ինքը կապ չունի դրանց հետ, սլաքներն ուղղում է ենթակաների դեմ։ Լավ տիրապետում է ենթականերով իրեն զրահապատելու գործին։ Էլեկտրական հոսանքը բացել ու ՀՀ յուրաքանչյու քաղաքացու անցկացնում է այդ հոսանքի տակով՝ բերե՜ք բյուջե մուծեք՝ գրպանային պարզ մեխանիզմով։ Ու ինչքան «լցվում է բյուջեն», իրենք այնքան ավելի ճոխ ու բախտավոր են ապրում, ինչքան «լցվում է բյուջեն» , այնքան մարդիկ հայտնվում են թշվառության շեմին։ Անընդհատ հարցնում են՝ լավ ե՞րբ է վերջանալու ժողովրդի կաշին քերթելու պրոցեսը, համատարած այս աղքատացման պայմաններում մարդկանց առաջ ծորակի մի կաթիլ ջուրն անգամ փակելու քաղաքականությունը։
Աղքատությունը շատ բանի է կարոտ՝ սրտացավ ղեկավարի, արդարության, հացի․․․ Ագահությունը, որը դրսևորում է այս իշխանությունը՝ կարոտ է ամեն ինչի։ Ագահությունը չի կշտանում։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ « Ագահ մարդն ու իր ագահությունը այնքան անկուշտ են, որ իրար ձեռքից էլ են պատառ փախցնում»: Ու եթե կար ժամանակ, երբ նույն այդ ղեկավարը ասում էր՝ աղքատությունը մարդու գլխում է։ Ապա հիմա պարզ երևում է, որ ագահությունը մարդու փորում է։
Կարծիքներ