«Ալիբաբան» ո՞րն է, 40 ավազականեր էլ կա՞ն․ Դավիթ Սանասարյանի գործով դատավոր

«Ալիբաբան» ո՞րն է, 40 ավազականեր էլ կա՞ն․ Դավիթ Սանասարյանի գործով դատավոր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված է) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Այսօրվա նիստում հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը։

Փաստաթղթերից մեկում նշված էր գնման ժամանակացույցը, ինչպես նաեւ տեխնիկական բնութագրերը։ 

Հրապարակվածի վերաբերյալ հայտարարություն արեց ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ նշելով․ «Տեխնիկական բնութագրերը երբ համեմատում ենք, ապա «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից առաջարկած ավտոկլավն իր տեխնիկական բնութագրերով բավարարում էր, ինչպես առաջին հայտարարված տեխնիկական բնութագրին, այնպես էլ փոփոխությունից հետո։ Այս պահին իմ ձեռքի տակ չկա ձեռնարկը, որը գտնվում է «Ալիբաբա» կայքում»։

Վերջին մտքին արձագանքեց դատավորը՝ հարցնելով, թե «Ալիբաբան» ո՞րն է, 40 ավազականեր էլ կա՞ն։

Պաշտպանն ասաց, որ Չինաստանի ամենամեծ կայքն է, որտեղ հավաքված են բոլոր գործարանները։ 

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։