Միայն մի բան չի արգելում․․․

Միայն մի բան չի արգելում․․․

Արսեն Թորոսյանի գրառումը որ կարդում ես,  թվում է , թե երկու տարբեր մարդիկ են խոսում։

Ասում է՝ Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու:

Ասում է, բայց բացել են մանկապարտեզները, որ երեխաները գնան իրար հետ  խաղան, ինչքան գիտեմ՝ անհատական մանկապարտեզ չկա։ Իսկ մանկապարտեզները բացել են, որ մայրերը պարտադրված գործի գնան,  «իրենց ընտանիքը պահեն»։ Դժվար չէ հասկանալ,  թե իշխանությունը ինչ պիտի աներ, որ երեխաները մանկապարտեզ չգնային, ծնողները՝ գործի։ Չի անում, հո զոռո՞վ չի, որ ասես՝ փող ծախսիր։

Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։

Այդ դեպքում ո՞րն էր սրճարան ու ռեստորան բացելու իմաստը, որ ամենավտանգավոր կետն է ու չնայած դրան, դուք իշխանավորներով սիրով գնում ու օգտվում եք և՛ խնջույքներից, և՛ ընկերական հավաքույթներից, և՛ հարսանեկան արարողություններից, և՛ երեկոյան վայրեր գնալուց, և՛ տեսարժան վայրեր այցելելուց․․․  Գոնե սեփական օրինակով համոզեիք։ Բնական է, բացել եք, որ մարդիկ, իրենց վտանգի տակ դնելով,  փող աշխատեն, «գլխները պահեն»։

Մնացած կետերը, որ լսեք, պիտի «ոտներս մեկնենք ու մեռնենք՝ ոչ մի բան չանել»։ Ամեն ինչ արգելում  է, բացի մի բանից, որ գնանք բանկեր՝ մեր վարկերը մուծենք, ինչ պարտք ունենք պետությանը, տանենք փակենք, կոմունալները տեղը տեղին վճարենք, թե չէ անջատում են ու չգիտես որտեղից՝ չաշխատող մարդիկ պիտի մուծեն, իշխանությանը նեղություն չտան։ Իսկ իրենք, ինչպես մինչև կարանտինը, օգտվեն միլիոնների հասնող աշխատավարձերից ու պարգևավճարներից ու հաշվեն, թե քանի հոգի վարակվեցին ու քանիսը մահացան։

Ու խոսում է պարտադրված լոքդաունի փոխարեն գիտակցված լոքդաունի անցնելու մասին։ Այսինքն խելքներս լրիվ կորցնենք, գիտակցված մուծումներն անենք, ենթարկվենք, որ իշխանությունը, պետություն չեմ ասում ի՞նչ անի։ Իշխանությունը քաղաքական կարևորագույն խնդիրներ է լուծում այս ընթացքում, որը սովորական պայմաններում անհնար էր լուծել, ժողովուրդը կդիմադրեր։ Կույր մարդ չկա, բոլորն էլ տեսնում են, որ ձեզ համար համավարակից առավել կարևորագույն խնդիրներ կան։ Դուք մարդկանց պարտադրում եք անգամ օդ չշնչել․․․ որ հանկարծ այդ օդից չսթափվեն ու ասեն՝ այս ի՞նչ եք անում, ինչու՞ եք գույքահարկը ահռելի թվերով բարձրացնում, ինչու՞ եք տապալում սահմանադրական կարգը, ինչու՞ եք թեժացրել Արցախի հարցը, կոնվենցիաներ անցկացնում,  ինչու՞ եք անընդհատ արտակարգ դրություն հայտարարում, երբ նույն միջոցառումները կարող եք անել ու առավել կազմակերպված՝ առանց արտակարգ դրության։ Շատ կոպիտ համեմատություն եմ անում, բայց դուք թույլ եք տալիս, որ ասեմ՝ կապած շունը, որ բաց ընկնի, պահել չի լինի։ Այնպես որ արտակարգ դրությունները կարող են ձեր դեմ դուրս գալ։ Անպատասխան հարցերի կուտակումը պայթյուն է առաջացնելու, սոսկալի պայթյուն, սա օդից չեմ ասում, տեսնում եմ։ Եթե, իհարկե, հետո չարգելեք, որ տեսնենք ու լսենք։