Թող փորձեն կրակել, հետևանքները սպասեցնել չեն տա, հավաստիացնում եմ. Ղազինյան

Թող փորձեն կրակել, հետևանքները սպասեցնել չեն տա, հավաստիացնում եմ. Ղազինյան

Եթե Հայաստանում իրավակարգը վերականգնվի, ապա այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ կարող է հարուցվել քրեական օրենսգրքի առնվազն 2 գլխի բոլոր հոդվածներով քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ հանցագործություններ եւ պետության դեմ հանցագործություններ: Նրանք գործել են այս հոդվածներով բոլոր հնարավոր զանցանքները: Այս մասին քիչ առաջ ընդդիմության հերթական երթի մեկնարկից առաջ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Իսկ որ ասում են՝ կկրակեն, թող փորձեն: Եթե այդքան համարձակ են, թող փորձեն: Ես հավաստիացնում եմ՝ հետեւանքները երկար սպասեցնել չեն տա»,- հավելեց նա։

«Ամբողջ իրավաբանական հանրույթը պնդում է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, ընդ որում կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիությանը, իրավապահ համակարգը գործում է քաղաքական շահերի տիրույթում: Որոշումները կայացվում են քաղաքական նպատակահարմարությամբ, հետեւաբար մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի իրավական համակարգը, դատախազական համակարգը հարկադրաբար քաղաքական տիրույթից վերադարձնել իրավական հարթություն եւ ստիպել գործել իրավունքի տիրույթում»,- պնդեց Ղազինյանը՝անդրադառնալով այս իշխանությունների դեմ պետական դավաճանության մասին իր կողմից հաղորդում ներկայացնելուն։