Ի՞նչ պատիժ են պահանջելու դատախազները «Սասնա ծռերի» համար. նրանք հանդես են գալիս ճառով

Ի՞նչ պատիժ են պահանջելու դատախազները «Սասնա ծռերի» համար. նրանք հանդես են գալիս ճառով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում մեղադրողները հանդես են գալիս մեղադրական ճառով: Նիստին ներկա չէր միայն ամբաստանյալներից Պավել Մանուկյանը:

Մեղադրողների խոսքով՝ ամբաստանյալները զինված ապստամբության կոչեր են արել, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Լամբարյանը՝ հանցավոր գործունեության բացահայտ կոչերը քողարկելով օրենսդրության և միջազգային նորմերի կամայական և խեղաթյուրված մեկնաբանություններով փորձել են արդարացնել զինված գործողությունները:

Դատախազ Չախոյանը նշեց, որ կազմակերպված խմբի անդամներն իրականացրել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 840 հատ 5.45 մմ տրամաչափի և 552 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, հրազեն հանդիսացող ռեվոլվեր ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաև՝ նռնակներ, պայթուցիչներ, ակոսափող հրացանի համար նախատեսված 58 հատ փամփուշտ։

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է, որի ավարտից հետո դատախազները կշարունակեն հրապարակել մեղադրական ճառը։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ: