Ոսկեպարում և Կիրանցում բնակիչները վաղ առավոտյան պարզել են, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է կատարում

Ոսկեպարում և Կիրանցում բնակիչները վաղ առավոտյան պարզել են, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է կատարում

Այս պահին Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները հավաքվել են ու փակել ճանապարհը, որը երեկ ոստիկանապետի ու մարզպետի «համոզիչ» աշխատանքներից հետո բացվել էր: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Նա իր քաղաքական թիմով գտնվում է Տավուշում և բնակիչների հետ փորձում է խոչընդոտել հայրենիքի հանձնման գործընթացին:

Իսկ մարդկանց ճանապարհը փակելու պատճառն այն էր եղել, որ վաղ առավոտյան հայտնաբերել են, որ ականազերծման աշխատանքներ են տանում ՀՀ ՊՆ աշխատակիցները:

«Սկզբում Կիրանցում, հետո Ոսկեպարում մարդիկ վաղ առավոտյան պարզել են, որ ՊՆ աշխատակիցները սկսել են ականազերծման աշխատանքները ու դա պատճառ է հանդիսացել, որ մարդիկ նորից փակեն ճանապարհը… Մարդկանց խոստացել էին, որ երկուշաբթի են գալու»,-ասաց Պետրոսյանը:

Հավելենք, որ հիմա ոստիկանները ևս այնտեղ են…

Փաստորեն «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվող և «ժողովրդի հետ հաշվի նստող իշխանությունները» մարդկանց սուտ խոստումներ ու հավաստիացումներ են տալիս, իսկ հաջորդ առավոտյան սկսում ականազերծման աշխատանքներ: