«Ռևիզորը»՝ Ուսապարկի համաստեղությունից

«Ռևիզորը»՝ Ուսապարկի համաստեղությունից

Լրագրության ամենավտանգավոր հատկությունը, թերևս, լրագրողից քաղաքական գործիչ «անցման» թեթևությունն է, երբ բարենպաստ պայմանների առկայությամբ սովորական և նույնիսկ ապաշնորհ լրագրողը կարող է  հայտնվել պետական «ամենածանր» պաշտոններում։ Օրինակ՝ սովորական թերթի խմբագիրը՝ պատգամավորի, հետո՝ երկրի ղեկավարի պաշտոնում։  

Հայաստանի խորհրդարանն այսօր «փայլում» է նախկին լրագրողների մի համաստեղությամբ (կարելի է աստղագիտական պայմանականությամբ «Ուսապարկի համաստեղություն» անվանել), որը նույնպես, կամա թե ակամա, ենթարկվել է լրագրողի մասնագիտության կերպափոխություններին․ ցավոք՝ նաև այնպիսի, որ հնարավոր էին միայն այս իշխանությունների օրոք և ՆՓ-ի վարչապետությամբ։

Անտարակույս, ամենախոր և սպառնալից կերպափոխությունն ապրել է հենց ակնարկված անձը, որ լրագրողից դարձել է պատգամավոր, ապա նաև վարչապետ։ Այդ անցման ուղին եղել և շարունակում է մնալ ստի, կեղծիքի, խաբեության, մանիպուլյացիայի գիտակցաբար ընտրված ուղի, որը մեզ բոլորիս բերել-հասցրել է այս աղետալի հանգրվանին՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր հաշմվածներ, անհայտ կորածներ, գերիներ, թշվառականների հասարակություն, բզկտվող երկիր, փլուզվող տնտեսություն, վտանգված պետականություն․․․ 

Բայց այս հոդվածում ՆՓ-ի վրա չենք կենտրոնանալու․ նրա աննախադեպ կերպարը «հանձնում» ենք հոգեբանների, հոգեբույժների, բարոյագետների,  մարդաբանների, ազգագրագետների, քաղաքագետների, քրեագետների  «կոնսիլիումի» մանրազնին  «հետազոտությանը»․ բոլոր ոլորտներում էլ անչափ հետաքրքիր բացահայտումներ կլինեն։ 

Ուսապարկի համաստեղությունում լրագրողի մասնագիտությունից զարմանալի տրանսֆորմացիա  է արձանագրել, օրինակ, ՆՓ-ի խմբագրած «Հայկական ժամանակ» թերթի նախկին աշխատակից Վահագն Հովակիմյանը։ Վերջնական բարձրագույն կրթություն, ասել է թե՝ որևէ կատարյալ մասնագիտություն չունեցող (դա փաստված է նրա պաշտոնական կենսագրության մեջ) սույն անձը ՆՓ-ի ձեռքով կազմված խորհրդարանում արագ վերապրոֆիլավորվել է  իբրև իրավաբան, արագորեն նաև նեղ պրոֆիլավորում ստացել՝ սահմանադրագետ, և ՆՓ-ին ու նրա ուսապարկին մատուցել ծառայություններ, որ անտարակույս աննախադեպ են։  Մարդը երկրի քաղաքական ընթացքի համար «ճակատագրական» պահերին մի շարք օրենքներ է ստեղծել, որ փոխել են հայկական պետականության բնական ընթացքը՝ այնտեղ ներմուծելով քաղաքական նեղմտությունը և բացարձակ սուբյեկտիվիզմը, սնապարծ հավակնոտությունը և ծայրահեղ դիլետանտիզմը, կործանարար  արկածախնդրությունը և տգետ ռևիզիոնիզմը։ 

Այս ուսապարկայինի ծառայությունները հիրավի այնքան տպավորիչ էին, որ նույնիսկ ուսապարկի տիրոջը սկսեց թվալ, թե ի դեմս Վ․ Հովակիմյանի՝ հայ ժողովուրդն ունի իր մերօրյա  Սմբատ Գունդստաբլին կամ նույնիսկ Մխիթար Գոշին։

Սույն «Գոշի» անմխիթար մտքի արդյունքն էին, հիշեցնենք, Սահմանադրական դատարանը յուրացնելու նպատակով դատական բարձրագույն պաշտոնյային (ՍԴ դատավորին) բարձր թոշակի գայթակղությամբ պետականորեն կաշառելու, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե հայտարարելու, այնուհետև հանրաքվեն չեղարկելու և այլ  պետականակործան գաղափարներ, որոնք օրենքի ուժ ստացան։ 
Եվ այս անմխիթարը շարունակում է մնալ Ուսապարկի համաստեղության ամենավտանգավոր «աստղը»․ հիմա էլ նա փորձում է փլուզել բուն խորհրդարանի սահմանադրական հաստատունությունը՝ վերջինիս տակ ինքնալուծարման կառավարական «ականներ» դնելով, քաղաքական վաղանցուկ շահերի համար Մայր օրենքը ռևիզիայի ենթարկելով։ 

Ահա թե ինչու լրագրողի մասնագիտությունն իր տրանսֆորմացիաներով ամենավտանգավորներից է, քանզի կարող է ծնել քաղաքական գործչի այնպիսի մի տխեղծ պտուղ, ինչպիսին Վ․ Հովակիմյանն է։