«Հրապարակ». Քաղտեխնոլոգիաներով արդյունքները դոզավորել եւ հրամցնել հանրությանը

«Հրապարակ». Քաղտեխնոլոգիաներով արդյունքները դոզավորել եւ հրամցնել հանրությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող ապատեղեկատվությանը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական ուղղությամբ, եւ անդրադարձել է հարցերի, որոնք ավելի շատ արտաքին գործերի նախարարության տիրույթում են: 

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին խնդրեցինք մեկնաբանել` ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմն այս ֆունկցիան վերցրել իր վրա: Նա նշեց. «Կարծում եմ` աշխատանքի բաժանման խնդիր է: Գուցե մեսիջի նշանակությունն ընդգծելու եւ հավաստիությունը շեշտելու համար դա անում է անձամբ վարչապետի գրասենյակը, այլ ոչ թե, օրինակ, ԱԳ նախարարությունը: Համոզված եմ` այս ամենն արվում է համաձայնեցված: Քանի որ սա իրենց համար էքզիստենցիալ խնդիր է, այդ պատճառով էլ այս ամբողջ գործընթացն իրականացվում է մեկ մարդու կողմից: Նա է իրեն համարում գործի ճարտարապետ եւ, բնականաբար, նաեւ` պատասխանատու: Նման պարագայում այլ կառույցները՝ ԱԳ նախարարություն, խորհրդարան, Անվտանգության խորհուրդ եւ այլն, հանդես են գալիս սպասարկողի դերում: Ներկայիս Հայաստանի պարագայում առավել եւս այստեղ որեւէ զարմանալի բան չկա»:

- «Խաղաղության պայմանագրի» մասին ի՞նչ կարծիք ունեք, թեպետ տեքստը գաղտնի է պահվում:

- Այո, տեքստը չի հրապարակվում, ինչ-որ խոսակցություններ կան, սակայն դրանց հիման վրա վերջնական դատողություններ անելը տեղին չեմ համարում։ Եթե փաստաթղթում չկա միջանցքի հարց, չկա անկլավների հարց, չկա գրավյալ տարածքների վերադարձի ու ռազմագերիների հարց, այդ դեպքում բարդ է ասելը, թե մեզ հետաքրքրող ուրիշ ինչ կա այնտեղ, եւ ինչ նպատակ է հետապնդում այդ փաստաթուղթը: Երկուսուկես տարի առաջ՝ դեռ Ղարաբաղի հայաթափումից առաջ, ես «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց էի տվել եւ նշել, որ բոլոր հարցերը սկզբունքորեն արդեն լուծված են։ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով ամեն բան որոշված էր, Ղարաբաղի հարցը` եւս: Շատ խելոք լինել պետք չէր՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել, եւ ուր է այդ ամենը տանում: Իշխանությանը մնում էր քաղտեխնոլոգիաների միջոցով գործընթացի արդյունքները դոզավորել, հրամցնել հասարակությանը եւ այն հասցնել իր ավարտին: Ցավով, բայց պետք է խոստովանել, որ դա իրենց մինչ օրս հաջողվում է.

- Իսկ ավելի կոնկրետ:

- Կոնկրետ` Ադրբեջանը գիտեր՝ ինչ է ուզում, Հայաստանի բանակցողները գիտեն՝ ինչ են անում, եւ պատրաստ են ամեն ինչ անել` իշխանությունը պահելու համար, առավել եւս, որ չկա արդյունավետ դիմադրություն:

- Բայց Ադրբեջանն ամեն ինչ է ուզում:

- Եթե ամեն ինչ ուզում է, ամեն ինչ էլ կստանա: Եթե վերլուծեք պրոցեսի դինամիկան, ի՞նչ է ուզել Ադրբեջանը, որ մինչ օրս չի ստացել:

- Հիմա խոսում են «Արեւմտյան Ադրբեջանի», Երեւանում փախստականների վերաբնակեցման մասին եւ այլն:

- Չեմ կարծում, թե Ադրբեջանը Երեւանը գրավելու իրական նկրտումներ ունի: Դա լուրջ չէ: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, փախստականների վերաբնակեցմանը, եթե Ադրբեջանը շատ ցանկանա, ապա ներկա իշխանությունը դրան էլ համաձայնություն կտա: