Պատմության դասերը

Պատմության դասերը

Ամեն ինչ կարելի է ներել երկրի ղեկավարին, եթե նա չար չէ եւ կոռուպցիայի մեջ չի թաղվել։ Իսկ չարության, դաժանության բացակայությունը, իմ կարծիքով, պետք է արտահայտվի հանրությանը համախմբելու, բոլորի հայրը լինելու գաղափարի մեջ։ Երբ երկրի նախագահը կամ վարչապետը իր զավակների նման է վերաբերվում բոլորին՝ ամենավերջին հանցագործից մինչեւ ամենաառաջին մեծահարուստը, իրեն հայհոյող մտավորականից մինչեւ իր պաշտոնաթողությունը երազող ընդդիմադիրը։

Եթե նա իր քաղաքական հակառակորդների, իրեն քննադատող անձանց դեմ օգտագործում է իր ձեռքում հայտնված լծակներն ու իրեն ենթարկվող ուժային կառույցները, դա ոչ միայն անհեռատեսության եւ կարճ մտքի մասին է վկայում, այլեւ անհանդուրժողականության ու չարացածության։ Երկրի ղեկին հայտնված անձը պետք է մեծահոգի լինի ու անհիշաչար։ Պետք է ամեն օր հիշի, որ իր պաշտոնավարումը ժամանակավոր է, եւ երբ գա այն օրը, որ ինքը հրաժեշտ տա իր աթոռին ու զրկվի բոլոր լծակներից, պետք է կարողանա նայել մարդկանց աչքերին, ապրել նրանց մեջ ու նրանց կողքին։ Էլ չեմ ասում՝ սեփական արարքների համար պատասխան տալու մասին։

Ի վերջո, եթե մեր երկրում 2018 թվականը եղած չլիներ, կարելի էր կարծել, որ իշխանությունը հավերժ է, եւ ոչ մի նախկին դարձող պաշտոնյա երբեւէ չի կանչվելու պատասխանատվության իր արարքների համար։ Իսկ այս 2 տարվա պատմությունից քաղելու ենթակա թիվ 1 դասն այն է, որ միշտ կա քարեր նետելու եւ քարերը հավաքելու ժամանակը։ Եթե մարզային դպրոցի տնօրենը պատասխան է տալիս իր ծննդաբերած աղջկան մի քանի դասաժամ գրելու եւ ստաժը պահպանելու համար, եթե երկրի նախագահը պատասխան է տալիս ինչ-որ գյուղատնտեսական տենդերի ժամանակ թույլ տրված չարաշահումների համար, ուրեմն ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։