Այդ տիկինը փորձում է ապացուցել անապացուցելին

Այդ տիկինը փորձում է ապացուցել անապացուցելին

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արման Թաթոյանը ՀՀ պատմության միակ ՄԻՊ-ն է, որ կպաշտոնավարի մինչև լիազորությունների ժամկետի ավարտը, քանի որ նախորդ բոլոր ՄԻՊ-երը հրաժարական են ներկայացրել՝ օրվա իշխանությունների ճնշումների արդյունքում։ 

«Հրապարակի» հետ զրույցում, այս գրառմանն անդրադառնալով, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը հրաժարական չի տվել և դրա մասին արդեն 15 տարուց ավելի բարձրաձայնում է։ «Այս հայտարարության հեղինակը կա՛մ բազմապատկման աղյուսակը լավ չգիտի, կա՛մ գիտի, պարզապես իր էշն է քշում։ Տասնյակ տարիներ խոսվել է այն մասին, որ հրաժարական ներկայացրել է միայն Կարեն Անդրեասյանը։ Իրականում, նախագահը, որ ԱԺ պատգամավորների 3/5-ի համաձայնությամբ նշանակել է ինձ, նա էլ տվել է ազատման մասին հրամանագիրը, դա եղել է խախտում։ Առաջին մասով Սահմանադրությունն է խախտվել, քանի որ Սահմանադրության մեջ կա հոդված, որով ամեն մի քաղաքացի իրավունք ունի դիմել ՄԻՊ-ին, քանի որ ինձանից հետո 40 օր թափուր է մնացել այդ պաշտոնը, ես դրա դեմ եմ բողոքել և հրաժարական չեմ տվել»։ 

Հարցին, թե որքանով է տեղյակ իշխանության կողմից առաջադրված նորընտիր ՄԻՊ-ի գործունենությունից, տիկին Ալավերդյանը պատասխանեց․ «Նա բավականին պասիվ գործունեություն է ծավալել։ Եղել է գրասենյակային աշխատող, անկեղծ ասած` չեմ պատկերացնում, թե ինչպիսի գործունեություն է ծավալել նա։ ՀՀ քաղաքացիների համար այդ անունն ընդհանրապես նոր է։ Զարմանալին այն է, որ այդ տիկինը փորձում է ապացուցել անապացուցելին, նա ասում է, թե իրեն բոլորը ճանաչում են։ Երեկ էլ վարչապետի աթոռը զբաղեցնողը նշեց, թե Հայաստանում բոլոր ինստիտուտները պետք է լինեն ներդաշնակ։ Սակայն պետք է փաստենք, որ ՄԻՊ-ի ֆունկցիաները լրիվ այլ են։ ՄԻՊ-ը պետք է բարձրաձայնի մարդու իրավունքների բոլոր այն խախտումները, որոնք թույլ է տալիս իշխանությունը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այնուամենայնիվ, նորընտիր ՄԻՊ-ին ցանկանում եմ լավ աշխատանքային ընթացք»։ 

Իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի այն հայտարարությանն էլ, թե նորընտիր ՄԻՊ-ը խոսում է ոսկեղենիկ հայերենով, եւ հենց այդ պատճառով պետք է ընտրել նրան, Լարիսա Ալավերդյանը նշեց հետեւյալը․ «ՄԻՊ-ի պարագայում ոսկեղենիկ հայերենը ենթադրում է նաեւ այլ գիտական գործողություններ։ Նորընտիր ՄԻՊ-ի խոսքը հայերեն է, սակայն հիմնավորված չէ, լեցուն է թերություններով, ինչը հակասում է ՄԻՊ-ի գործառույթներին»։