Հրազդանում գրադարանների աշխատակիցներին ազատել են աշխատանքից

Հրազդանում գրադարանների աշխատակիցներին ազատել են աշխատանքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հրազդանի քաղաքապետարանը հունվարի 23-ին Հրազդանի գործող 7 գրադարանների աշխատակիցներին աշխատանքից ազատման ծանուցումներ էր ուղարկել, եւ մարտի 23-ին որոշվեց աշխատակիցների ճակատագիրը: 7 գրադարանների 18 աշխատակիցներ ստացել են աշխատանքից ազատման մասին ծանուցումները, եւ կատարվել է վերջնահաշվարկ:  

Մարտի 18-ին Հրազդանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ:   Քաղաքապետը որոշել է՝ Հրազդանի համայնքապետարանի «Մշակույթի կենտրոն» բյուջետային հիմնարկը լուծարել եւ ստեղծել 2 ՀՈԱԿ-ներ՝ «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ եւ «Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ: Ավագանին հաստատել է քաղաքապետի որոշումը:  

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետի այս որոշման պատճառը մեկն է՝ աշխատանքի ընդունել իր յուրայիններին:  

Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրադարանի աշխատակիցների, որոնց գործատուն եղել էր «Մշակութային կենտրոնը», հաստիքները կրճատվել են. «Գրադարանների մասին օրենք ունենք: Գրադարանները պետք է առանձին կազմակերպություն լինեն,  չէին կարող գրադարանները գործել մշակութային կենտրոնի հետ: Գրադարանները որպեսզի ավելի նպատակային, ավելի ճիշտ եւ ավելի որակով աշխատեն, որոշեցինք ստեղծել առանձին ՀՈԱԿ»: 

-Պարոն Դանիելյան, կրճատված աշխատակիցները կվերականգնվե՞ն աշխատանքում,  թե՞ ՀՈԱԿ-ը նոր աշխատակիցներով կհամալրվի: 

 -Չի բացառվում, որ բոլորը նորեր լինեն: Ես այս պահին չգիտեմ, նորանշանակ տնօրենը կորոշի: Մենք չենք որոշում, բայց, ամեն դեպքում, բոլոր այն գրադարանավարները, որոնք ունեն համապատասխան ստաժ եւ մասնագիտություն, ինձ թվում է՝ նրանք կընդունվեն աշխատանքի: Սա իմ անձնական կարծիքն ա, նոր տնօրենը կորոշի: 

-Իսկ ո՞վ է նշանակելու նոր տնօրենին: 

-Տնօրենը  կնշանակվի մրցութային կարգով, օրենքում փոփոխություն կա, առաջ ավագանին էր նշանակում:  Մինչեւ մրցույթ կայանալը, քանի որ մրցույթի կարգը դեռ հաստատված չէ,  համայնքի ղեկավարն իրավունք ունի նշանակելու ՀՈԱԿ-ի պաշտոնակատար՝ մինչեւ մրցույթը կայանա: 

-Դեռ նշանակվա՞ծ չէ, իսկ ո՞ւմ է պատրաստվում տնօրեն նշանակել համայնքի ղեկավարը: 

- Չէ դեռ, չկա:  Մինչեւ այս գործողությունն անում էինք, հայտարարվեց արտակարգ դրություն: Հիմա մենք չենք պատրաստում ընդունել աշխատանքի 13  հոգու ու միանգամից ուղարկել պարապուրդ, գրադարանները թողել փակ: Բյուջեի միջոցներն այնքան էլ նպատակային չեն ծախսվի: