Ինչպես պաշտպանվել շոգից

Ինչպես պաշտպանվել շոգից

Արդեն մի քանի օր է Հայաստանում օդի ջերմաստճանը հասնում եւ անցնում է +41-ը: Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները. 

խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն մի մնացեք դրսում: Հնարավորինս պաշտպանվեք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց: Հագեք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործեք սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։

Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից նախապատվությունը պետք է տալ լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքարի, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սիրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն: Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր զովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել, չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում, չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:

Ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին: Ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից, պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա: Այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան: