Ի՞նչ է նշանակում՝ մենք էլ կարող ենք մաքսակետ կառուցել

Ի՞նչ է նշանակում՝ մենք էլ կարող ենք մաքսակետ կառուցել

Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ի կեսգիշերին Կապան-Գորիս ճանապարհի 20 կմ-անոց հատվածի վրա, հակահայկական եւ հայ ժողովրդին լրջորեն նվաստացնող իրողություն է: Դեռ չի սկսվել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացումը, եւ առանց հայ ժողովրդի (Հայաստանի «դե ֆակտո իշխանության») իմացության Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների բանավոր պայմանավորվածության համաձայն այդ նույն ճանապարհահատվածի վրա արդեն կառուցված մաքսակետերը (քանակը հայտնի չէ) մեծ անպատվություն են սուվերեն Հայաստանի համար: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԶԼՄ-ներով հանդես եկավ եւ բնակչությանը հայտնեց, որ դա իշխանության համաձայնությամբ է եղել, նորմալ է, եւ եթե պետք լինի, մերոնք եւս կարող են մաքսակետեր կառուցել: Տեսնենք, թե ինչ է ստացվում:

Ադրբեջանը Հայաստանի տարածքում՝ իշխանության համաձայնությամբ, մաքսակետեր է կառուցում եւ իրավունք ձեռք բերում մաքսային վերահսկողություն իրականացնել հայկական տրանսպորտի եւ հայերի տեղաշարժի նկատմամբ՝ ընդհուպ մաքսատուրքի ու մաքսավճարի գանձում, իսկ այդ գերխայտառակությանն ի պատասխան, սույն պարոնը հայտարարում է, թե պետք լինի, մենք էլ մաքսակետ կկառուցենք: Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը դրանք իր տարածքում է կառուցում, եւ պետք եղած դեպքում մենք էլ մեր տարածքում կարող ենք կառուցել: Այդ պատասխանն իմաստ կունենար, եթե Ադրբեջանը դրանք կառուցեր Հայաստանի տարածքում, Հայաստանը կառուցեր Ադրբեջանի տարածքում: 

Ի՞նչ իմաստ ունի այդ հայտարարությունը, եթե խոսքը գնում է այն մասին, որ երկու երկրներն էլ դրանք կկառուցեն Հայաստանի տարածքում: Այսինքն՝ ստացվում է, որ եթե Ադրբեջանը մեր տարածքում մաքսակետեր է կառուցում, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա Հայաստանը եւս կարող է իր տարածքում մաքսակետ կառուցել: Անհասկանալի ցնդաբանություն է: Կամ էլ՝ Ադրբեջանը պարտադրել է մեզ, որ այդ 20 կմ-անոց հատվածի մոտակայքում (բնական է՝ մեր տարածքում) մերոնք իրավունք ունեն մաքսակետ կառուցել միայն այն դեպքում, եթե նրանք արդեն այդ հատվածում մաքսակետ/եր կառուցած լինեն: Ասվածը պարզորոշ նշանակում է, որ, նախ, ճանապարհի այդ հատվածը Ադրբեջանն արդեն համարում է իրենը՝ իհարկե, մեր համաձայնությամբ, եւ երկրորդ․ դրա մոտակայքում՝ մեր տարածքում, որպեսզի Հայաստանը մաքսակետ/եր կամ որեւէ այլ բան կառուցի, ապա դա կլինի միայն Ադրբեջանի համաձայնությունից հետո: 

Աստված իմ, այս ի՜նչ հրաշք պայմանավորվածություն է. մեր կողմից ինչ-որ պայմանների կատարումից հետո Ադրբեջանը մեզ թույլ կտա որոշակի գործողություններ կատարել: Մի՞թե ստորանալու ավելի մեծ աստիճան գոյություն ունի, որին հասել են Հայաստանն ու հայ ժողովուրդը: Եթե ուշադիր լինենք, ապա վերեւում հիմնականում շոշափվում են «մաքսակետի/երի կառուցում» բառերը, սակայն սույն նյութի բովանդակությունն այն է, որ մենք արդեն՝ առանց սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու, ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ այդ 20 կմ-անոց հատվածն արդեն Ադրբեջանին է պատկանում, եւ նրանք այնտեղ ինչ ուզենան, կանեն, ու, փաստացի, մենք այդ հատվածի հետ այլեւս կապ չունենք: Եթե թշնամին մաքսակետեր կառուցի, ապա մենք՝ որպես օրինապահ ժողովուրդ, այդ մաքսակետով անցնելիս հոժարակամ կկատարենք մաքսային բոլոր վճարումները: Հերն անիծած, թե ինչ-ինչ հակասությունների դեպքում, վիճաբանություններից հետո, մեզնից ցանկացածին կարող են կալանավորել, տանել ու վերջնականապես կորցնել: Իհարկե, կարծում եմ՝ նման դիպվածներ հաճախակի կլինեն, որոնք՝ բոլորը, կավարտվեն վերը ասված ձեւով, եւ բոլորի պարագայում էլ նրանք կասեն՝ մենք մաքսային գործողություններն օրինական կերպով արել ենք, որից հետո նա գնացել է իր գործին, մենք՝ մեր, այնպես որ, ոչնչից տեղյակ չենք: Նրանց նմանատիպ արարքների մասին կարելի է երկար խոսել, որից, ցավոք, լուրջ դասեր չենք քաղում:

Ի վերջո, Ռամիլ Սաֆարովի արածն ու Ադրբեջանում նրան ազգային հերոս հռչակելը վկայում են մեր նկատմամբ ադրբեջանցիների իրական տրամադրվածության մասին, ու այսքանից հետո խոսել նրանց հետ խաղաղության եւ կողք-կողքի ապրելու մասին, չափազանց ծիծաղելի է, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ դպրոցներում համատարած ատելություն է քարոզում հայերի նկատմամբ, որը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանցիների հստակ տրամադրվածություն հայերի նկատմամբ:

Վերն ասվածը մի կաթիլն է ասելիքի օվկիանոսում, եւ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ խաղաղ ապրելու բարբաջանքները լոկ անեկդոտ են։ Ճշմարտությունը մեկն է. նրանց գերնպատակն է՝ աշխարհի երեսից վերացնել վերջին հային ու նվաճել մեր տարածքները: Ահա, սա է իրողությունը, եւ ինչ քարոզվում է ժողովրդին, ընդամենը բլեֆ է: Եթե գոնե հիմա լուրջ քայլեր ձեռնարկենք,  հնարավոր է փրկվենք, իսկ եթե շարունակենք ապրել նույնկերպ, ապա շատ արագ կկորցնենք Հայաստանը։ Մնացածը հեքիաթ է։    

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ