Հանելուկ

Հանելուկ

Հայաստանում վատ ավանդույթ է ձեւավորվել՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունը ստանում ենք ոչ թե մեր իշխանություններից, հայ պաշտոնյաներից ու հայկական ԶԼՄ-ներից, այլ օտար աղբյուրներից՝ օտարերկրյա պաշտոնյաներ, օտարալեզու մամուլ։ Սա առաջին դեպքը չէ, որ արցախյան կարգավորման մանրամասներին մենք տեղեկանում ենք ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ, ասենք, Մինսկի խմբի համանախագահներից, իսկ այս պարագայում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարից։

Նախօրեին կայացած ասուլիսում նա հայտարարեց, որ մոտ մեկ տարի առաջ սեղանին է հայտնվել քննարկման ենթակա փաստաթուղթ՝ առաջարկներ, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում, եւ որոնց շրջանակներում կատարվելիք քայլերի հաջորդականությունը պետք է լինի, նախ՝ ռազմական գործողությունների բացառումը, ապա՝ տարածքներն ազատելը, ապաշրջափակումը եւ այլն։ Մինչդեռ հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունը բազմիցս հավաստիացրել է, որ բանակցություններ չեն ընթանում, որեւէ փաստաթուղթ կամ առաջարկների փաթեթ չի քննարկվում, եւ առանց հասարակությանը տեղյակ պահելու, առանց նրա հետ քննարկելու ոչ մի քայլ չեն անելու։ Սա ի՞նչ է՝ հերթական ստի բացահայտո՞ւմ, թե՞ ռուսական կողմը շտապում է փակուղի մտցնել եւ իր ուզած հունով տանել արցախյան կարգավորումը։

Թվում էր՝ արտակարգ դրության, համաշխարհային ճգնաժամի ու տագնապի այս օրերին քաղաքական գործընթացներն առնվազն սառեցվել են եւ չեն կարող այսօր հայտնվել գերտերությունների օրակարգում՝ աշխարհը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի, քան Ղարաբաղի հարցն է, եւ եթե որեւէ մեկը պետք է օգտվեր այս ցայտնոտից, ապա դա պետք է լինեինք մենք՝ հայերս, սակայն պարզվեց՝ ոչ, մեզ չեն «մոռացել», եւ Ռուսաստանը որոշել է օգտվել այս պահից ու իր կամքը թելադրել։