Ով է պատասխանատու Նուբարաշենի հրդեհի համար

Ով է պատասխանատու Նուբարաշենի հրդեհի համար

Երեկվանից այրվում է Նուբարաշենի աղբավայրը` քաղաքին հասցնելով հսկայական էկովնասներ: Մեկ օրից ավելի է՝ հրշեջները չեն կարողանում կրակը մարել: Ուշագրավ է, որ ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ ԱԻՆ-ը, ոչ Ներքին գործերի նախարարությունը և ոչ էլ Շրջակա միջավարի նախարարությունը հրդեհի մասին չունեն տեղեկություններ: 
Ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից «Հրապարակին» հայտնեցին, որ խնդիրը Երևանի քաղաքապետարանի տիրույթում է, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ասում է, որ հրդեհի պատճառների մասին ոչինչ չգիտեն, իսկ թե ինչու ժամեր շարունակ հրդեհը չի հաջողվում մարել՝ չունի տեղեկություն: 

Շրջակա միջավայրի նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ կարող են ասել, թե հրդեհը ինչ չափի վնասներ է քաղաքին հասցրել, սակայն թե ինչու են Հայաստանում նման հրդեհներն ավանդույթ դարձել, նախարարի խոսնակն ասաց, որ հարցին պատասխանել չի կարող: Վնասների մասին էլ չխոսեց, նշելով, որ մասնագետներն այդ ուղղությամբ դեռևս աշխատում են: 

Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ Էրեբունի վարչական շրջանի համապատասխան բաժնից, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին: Փորձեցինք կապվել աղբավայրի տնօրենի հետ, սակայն նա էլ անհասնելի էր: 

Բնապահպան Սիլվա Ադամյանի պնդմամբ` աղբավայրերում տեղի ունեցող հրդեհները Հայաստանից անպակաս են դարձել՝ գրեթե ամեն տարի լինում են խոշոր հրեհներ, սակայն այս խնդիրը որևէ լուծում չի ստանում. 

«Սա նոր դեպք չէ, թափոնների վերամշակման ու աղբավայրերի մեծ խնդիրն է սա, որը պետք է ստանա լուծում: Պետք է նախ աղբի վերամշակման ու թափոնների գործարաններ ունենանք Հայաստանում: Քանի դեռ աղբը մեզանում չի վերամշակվում, քանի դեռ նոր աղբավայրեր ենք բացում բաց երկնքի տակ, մեր վիճակը սա է լինելու: Հակասանիտարական վիճակում հրդեհներից չենք կարող խուսափել: Բոլոր եվրոպական երկրներում, ըստ իմ ուսումնասիրությունների, թափոնների վերամշակման խնդիր է դրված` մինչև 2050 թվականը: Այսպիսով, Եվրամիության տարածքում թափոնները պետք է ցիկլիկ մշակման ենթարկվեն, արդյունքում այնտեղ թափոններ չեն լինելու: Հայաստանում այս առումով ոչինչ չի արվում, ուստի զարմանալի չէ, որ այսչափ հրդեհներ են լինում: Արդյունքում բազմապիսի հիվանդություններ են տարածվում, որոնք մեզ համար դառնում են լրջագույն խնդիրներ: Նուբարաշենը գոնե ֆիքսված աղբավայր է, իսկ գիտե՞ք թե որքան շատ են անօրինական աղբավայրերը», - նշում է բնապահպանը: 

Հարցին, թե ի՞նչ էկոլոգիական խնդիրներ կարող են առաջանալ նման հրդեհների արդյունքում և վերջապես ի՞նչ հիվանդություններ կարող են տարածվել մեզանում, բնապահպանն ասաց. «Առաջին հերթին արտանետումների խնդիրն է նման պարագայում առաջ գալիս: Արանետումները գնում են օդ, այսօր քաղաքից ծխի հոտ է գալիս, օդը կեղտոտ է, մարդիկ շնչում են այս կեղտոտ օդըն ու տարատեսակ հիվանդություններ են առաջանում: Առաջանում են թոքային հիվանդություններ, վերին շնչառական օրգանների հիվանդություններ, էլ չեմ խոսում կենսաբազմազանության մասին, որը Երևանի համար բոլորովին նպաստավոր չէ: Կեղտոտ օդն ազդում է նաև սրտային հիվանդների վրա, որից հետո կարող են մի շարք նոր խնդիրներ առաջանալ»- ասաց նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչի՞ց են աղբավայրերում հրդեհներն առաջանում, մեր զրուցակիցը նշեց. «Սրանից մի քանի տարի առաջ Շվեդիայից մի շատ հետաքրքիր մասնագետ էր Հայաստան եկել, որը զբաղվում էր աղբավայրերի խնդրով: Նա պարզապես զարմացել էր Հայաստանում առկա խնդիրներից: Մեզանում նախ չի ձևավորվել աղբը զատելու մշակույթը: Ամեն ինչ մի վայրում է: Շատ քիչ են պլաստիկի համար նախատեսված վայրերը, եթե տոկոսային առումով հաշվենք, անգամ մեկ տոկոս չեն կազմի այդպիսիք: Ապակե իրերն արտացոլում են արևի շողերը, որքան էլ որ դրանք թույլ լինեն: Երեկ արևի շողերը բավականին արտացոլված էին, այնպես որ շատ հավանական է, որ հենց արևից է հրդեհը առաջացել, անկախ նրանից, որ դեռևս ամառ չէ: Ուզում եմ խոսել նաև մի շատ նուրբ թեմայի մասին: Աղբավայրերում ապրում են նաև մարդիկ: Ինձ համար շատ ցավալի է, որ եկել ու հասել ենք նրան, որ աղբավայրերում ապրող մարդիկ շատացել են այսքան: Նրանք կարող են օրինակ խարույկ վառել այնտեղ, նստել խարույկի մոտ, ինչից առաջանա հրդեհ», - նշեց նա: Ադամյանի պնդմամբ` խնդիրը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է: Նախարարությունը պետք է ձեռնամուխ լինի և լուծի այս խնդիրը: