Նորքի ինֆեկցիոնի մոդուլն արժեցել է 102 մլն դրամ 

Նորքի ինֆեկցիոնի մոդուլն արժեցել է 102 մլն դրամ 

Մարտի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «լայն թափով ընթանում են» մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները, և 3-4 օրում կառուցվելու է 40 նոր պալատ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, նախարարը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ 10 օրում կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել: Մոդուլները կառուցվեցին, բայց նախատեսվածից ուշ, քանի որ մրցույթը հաղթած «Արտկոն» ՓԲ ընկերությունը «հայավարի» լավ չէր հաշվարկել ժամկետները կամ իր հնարավորությունները ճիշտ չէր գնահատել, թե կկարողանա՞, արդյոք, 3-4 օրում առանձին մի քանի  մոդուլ-մասնաշենք կառուցել։ Մերոնք իրենց չինացիների տեղն էին դրել, արդյունքում՝ Նորքի ինֆեկցիոնի մոդուլները կառուցվեցին նախատեսվածից 3-4 անգամ երկար ժակետում։ Այս պահին դրանք գործում են և սպասարկում հիվանդների՝ ծառայելով տարբեր նպատակների։ 

Առողջապահության նախարարությունից մեզ ասացին, որ թվով 14 մոդուլ է կառուցվել, այդ ամենը բյուջեի վրա նստել է 102 մլն դրամ գումար։ Այդ գումարի մեջ մտել է նախագծումն ու կառուցումը։ Դրանք, իհարկե, հնարավոր է ապամոնտաժել և տեղափոխել, սակայն այնպես են կառուցել, որ ավելի շատ հիմնական լինեն՝ միայն շատ խիստ անհրաժեշտության դեպքում կարող են ապամոնտաժել և տեղափոխել։ 

Նկատենք, որ խոսքը արագ քանդվող-հավաքվող տնակների մասին է՝ մոդուլի, որը հիվանդանոցին կից լրացուցիչ մահճակալներ ապահովելու համար է, սակայն  մասնագետների կարծիքով, այն շատ թանկ է նստել մեր բյուջեի վրա։