Ռաֆայել Փարսադանյան-100․ Բժիշկը, պատմաբանը, լրագրողը

• Մա~րդ էր, Հորացիո..
Շեսքպիր
Պատմությունը կերտում է ժողովուրդ, իսկ պատմաբանը իմաստավորում է այդ պատմությունը: Իմաստավորումները շատ կարևոր են, երբեմն ճակատագրական:
…Ո՞վ է իմաստավորողը , ու՞մ շահերից է ելնում, ու՞մ շահերն է ոտնահարում: Խոսքը, այս անգամ, Հայաստանի առողջապահության պատմության անաչառ, հանրային շահերին համահունչ իմաստավողներից մեկի` բժիշկ-պատմաբան, բժշկական գիտությունների դոկտոր - պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռաֆայել Փարսադանյանի մասին է, ով երբեք ոչ մեկի շահերը չի ոտնահարել:
...Օրեր անց Ռաֆայել Փարսադանյանը կդառնար 100 տարեկան, բայց նրան տրված էր ընդամենը 50 տարվա երկրային կյանք: 50 տարվա կյանք, ու հավերժումի չթառամող դափնեպսակ։
...Ռաֆայել Փարսադանյանը ծնվել է 1923թ. նոյեմբերի 23-ին Լոռվա Շնող գյուղում, ճանաչված տնտեսական - վարչական աշխատող` Սերգո Փարսադանյանի ընտանիքում: Նա ավարտել է Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը (1940թ.), ապա Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1946թ.):
Աշխատանքի ուղին սկսել է սանհամաճարակային ծառայությունում: 1955-ից եղել է “Медицинский работник” թերթի Հայաստանի թղթակից: 1956-ից մինչև իր կյանքի վերջը «Առողջապահություն» հանդեսի առաջին և անփոփոխ խմբագիրն էր, միաժամանակ դասավանդում էր Երևանի պետական բժշկական և բժիշկների կատարելագործման ինստիտուտներում, 1963-76թթ. վարելով նաև վերջինիս առողջապահության կազմակերկման և առողջապահական հիգիենայի ամբիոնը: Եղել է ՀՀ առողջապահության նախարարության գիտական լրատվության բաժնի վարիչը, Հայաստանի բժիշկ- պատմաբանների գիտական քարտուղարը: Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ է անցկացվել Մխիթար Հերացու ծննդյան 850 ամյակը (1968թ.) և ՀՀ բժիշկ-պատմաբանների հիմնադիր գիտաժողովը (1970թ.):
...1971 թվականն էր, մասնակցում էր ֆիզիկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադային: Երևանի ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում անցկացվող օլիմպիադայի նախօրյակին մասնակիցներիս էքսկուրսիայի տարան Երևանի պետական համալսարան, որի մուտքի մոտ, պատահականության բերումով, հանդիպեցի իմ ազգակիցներից մեկին` պոլիտեխնիկականի դասախոս, այժմ երջանկահիշատակ Արթուր Ղորխմազյանին: Նա էլ ինձ, որպես համագյուղացի, ծանոթացրեց Ռաֆայել Փարսադանյանին:
Ափսոս, հազար ափսոս, որ դա իմ միակ հանդիպումն էր այդ հանճարեղ մարդուն, որի խոհերից մեկը երբեք չեմ մոռանա: Իմանալով մեր այցելության մասին, ասաց. «Պատահական հաղթանակներ ու հաջողություններ չեն լինում: Տաղանդը, առանց աշխատանքի, ոչինչ է»։ Ասաց, ու բաժանվեցինք: Ուրախ էի: Ինչ իմանայի, որ երկու տարի անց ճակատագրի հեգնանքով թե նախախնամությումբ, կորցնելու էի մորս ու նաև նշանավոր հայրենակցիս։
...Այսօր էլ կրկին կարդալով Ռաֆայել Փարսադանյանի «Սպիտակ խալաթավոր մարդիկ» գիրքը ավելի եմ համոզվում, որ հեղինակի վարպետ գրիչը հիանալի է կերտել Ռ. Յոլյանի, Ա. Մելիք-Ադամյանի, Վ. Ֆանարջյանի և մյուս երախտավորների կերպարները: Գրքի էջերում ես նաև, հեղինակին եմ տեսնում ու զգում: Այստեղ, ես նաև իմ լուսահոգի հորս ու մորս եմ փնտրում, ովքեր հեռու էին սպիտակ խալաթից, բայց հուշ են, անդառնալի հուշ:
...Պատմություն, հուշ: Ու այդ ճանապարհը լուսավորող Ռաֆայել Փարսադանյանի 130-ից ավելի աշխատություններն են: Դրանց թվում թեկնածուական թեզ, «ժողովրդական առողջապահության պահպանման պրոգրեսիվ ավանդույթները հայ բժշկույկան մեջ», որում բացահայտված է բժիշկների առողջապահական, հասարակական կազմակերպությունների գործունեությունը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին: Բժշկագիտության և բժշկության պատմության բնագավառում ծանրակշիռ ներդրում է նրա «Խորհրդային առողջապահության զարգացման հիմնական փուլերը» բուհական ձեռնարկը, «Առողջապահությունը խորհրդային Հայաստանում», «Հայաստանի առողջապահության պատմություն» և այլ աշխատություններ: Մասնագետները բարձր են գնահատել նրա դոկտորական թեզը` նվիրված Հայաստանում առողջապահության զարգացման խնդիրներին:
Ռաֆայել Փարսադանյանին Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչել են որպես բժիշկ, պատմաբան, դասախոս, լրագրող, բայց նրա դիմանկարը թերի կլիներ առանց գրական վաստակի գնահատման ու արժևորման:
Դեռևս դպրոցական տարիներից, տպագրվել է «Պղնձի ֆրոնտում» շրջանային թերթում, հետագայում էլ մշտապես կապեր պահպանելով թերթի հետ: Թերթի հավաքածուները թերթելիս, իմ մեջ տպավորվել են նրա «Հայկական հին զրույց» և «Իմ ծանոթ լոռեցին» ոչ մեծածավալ, բայց խորիմաստ ու դաստիարակիչ հրապարակումները, հայրենի եզերքին ու նրա մարդկանց նվիրված սիրո պաթոսով լեցուն բանաստեղծությունները.
Քո անունը, որպես երգ
Միշտ պահում եմ իմ հոգում,
Ոնց մայրական քնքուշ ձեռք
Հեռվից կանչում է ինձ տուն...
(Երգ Լոռու մասին)
...Ռաֆայել Փարսադանյանի հայրը Ներսիսյան դպրոցում սովորել է Անաստաս Միկոյանի հետ:
Վերջինիս «Պայքարի ուղիով» գրքում սրտաբուխ ու գնահատանքի խոսքեր կան նաև Սերգո Փարսադանյանի մասին: Դեպքերի բերումով, գուցե նաև ընտանեկան շփումներով պայմանավորված Ռաֆայել Փարսադանյանը դարձել է հանրաճանաչ Միկոյանների եղբոր` Երվանդի փեսան: Բազում անգամ հանդիպել է Միկոյաններին, եղել նրանց մտերմիկ միջավայրում, բայց երբեք նրանց փառքով չի փառավորվել, դրա կարիքը չի ունեցել:
Նա մասնագիությամբ բժշկուհի, լուսահոգի Սեդա Միկոյանի հետ դաստիարակել ու կրթել է երկու զավակ: Որդին` որ հանրաճանաչ պապի Սերգո անունն է կրում, մանկավարժական բարձրագույն կրթություն է ստացել, բայց աշխատել է տնտեսագիտության բնագավառում, շարունակել իր պապի գործը։ Աղջիկը` Աստղիկը, գնացել է ծնողների ճանապարհով: Ստացել բժշկական բարձրագույն կրթություն ու շարունակել իր ծնողների բարի գործը:
Ռաֆայել Փարսադանյանը նրանց ու շատերիս համար բաց է թողել իր կյանքի դասագիրքը` բարի հուշերի բացված ու չփակվող մի շտեմարան, որ պետք է ուղեկցի այսօրվա ու նաև գալիք սերունդներին:
Կարծում եմ, արժե, որ հոբելյանական տարում այսօրվա լույսով արժեվորվի նրա վաստակը, լինեն աշխատությունների, գրական ստեղծագործությունների, բազմաբնույթ հոդվածների վերահրատարակումներ, հոբելյանական միջոցառումներ` համաժողովներ, ինչու չէ նաև անվանակոչումներ: Իսկ իմ այս հրապարակումը թող պարզապես ընկալվի, որպես հարգանքի տուրք և հուշերի պատառիկ իմ նշանավոր հայրենակցի լուսաբեր ճանապարհին:
Վահրամ Փափազյանի հետ
Վաղարշակ Ղորխմազյան
Կարծիքներ