Ջողազը կհանձնի, որ Բերքաբերը դատարկվի

Ջողազը կհանձնի, որ Բերքաբերը դատարկվի

Չէ՜․․․ ժող ջան, Նիկոլն այնքան միամիտ չէ, որ գնա Բերքաբեր ու միանգամից ասի՝ տներից դուրս եկեք, ձեզ փող եմ տալիս, փող՝ հողի դիմաց։ Նիկոլը գիտե, որ այնտեղ խմորումներ են գնում, ստորագրահավաք են կազմակերպում։ Մարդիկ տեղյակ են, թե ինչպես քայլ առ քայլ հարակից գյուղերին խաբեց ու տներից դուրս հանեց։ Մարդիկ գիտեն նրա լարած թակարդները և պատրաստ են դիմակայելու։ Ինքը Բերքաբեր գնաց ու ասաց՝ ժող ջան, տեսեք ի՜նչ տներ եմ կառուցում։ Բերքաբերում, ինչքան տուն կա, ծրագիր ունենք՝ 40 տոկոսով ավելացնել։ Ջուրը կա, տունը կա, ճանապարհը կա, էլ ի՞նչ եք ուզում ինձանից։

Նիկոլը գիտի ճիշտ ժամանակին ,, վրա տալ,,, դեռ պահը չէ։ Նիկոլը Բերքաբեր է գնացել, որ մարդկանց տրամադրությունը մոտիկից որսա, տեսնի, հասկանա, թե ի՞նչ մեթոդներով այդ մարդկանց զիջման նախապատրաստի։ Հետո առանձին, հատիկ- հատիկ կկանչեն և ինչ որ պետք է՝ կառաջարկեն։ Երեկ արդեն կեղծ էջերը լուրեր էին տարածում, թե Բերքաբերի հողերը, մեր հողերը մեզ են անցնելու։

Այսինքն նա թիրախավորված դուրս է եկել այն ուժերի դեմ, որոնք ասում էին՝ գնացել է հողի դիմաց փող առաջարկի։ Նիկոլը միամիտ չէ, բերքաբերցիների հետ իրենց բարբառային աքցենտով էր խոսում, հասկացնելով, որ ես ձերն եմ, ձեզնից եմ․․․ Բերքաբերը ադրբեջանական դիրքերից ընդամենը 750-1000 մետր հեռավորության վրա է գտնվում: 1990-ականների սկզբին Բերքաբերն եղել է պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից մեկը: Հրետակոծությունից գրեթե ամբողջությամբ վնասվել են գյուղի բազմաթիվ շենքեր: Շուրջ 900 հա պտղատու այգիներ ներկայումս գտնվում են հակառակորդի հսկողության ներքո: Հակառակորդի տարածքում է գտնվում նաեւ հայկական Գավազան սարը: Բերքաբերի հայ-ադրբեջանական սահմանագոտում է գտնվում Խորհրդային տարիներին կառուցված Ջողազի ջրամբարը, որով դեռ 1980-ականներին ոռոգվում էր Նոյեմբերյանի, Իջեւանի եւ ադրբեջանական Ղազախի շրջանի հողերը: Ջրամբարի մի կողմում Բերքաբերն է, մյուսում` ադրբեջանական Մըզըմ գյուղը: Գյուղն ընդհանուր առմամբ ունի 1131 հա հողատարածք, որից 900-ը գտնվում է Ջողազի ջրամբարից այն կողմ` հակառակորդի հսկողության ներքո:Սա նկարագրում եմ նրա համար, որ պատկերացնեք, թե Ադրբեջանի համար ինչ կարևոր կետ է Բերքաբերը և Նիկոլ Փաշինյանն ինչու՞ պիտի այդքան զգույշ աշխատի։ Ադրբեջանը մի անգամ չի հայտարարել, որ ինքը հետ չի քաշվելու հայկական գրաված տարածքներից։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այդ մասին։ Բերքաբեր -Կըզըլ Հաջիլի սահմանը պաշտոնապես գծված է, ադրբեջանական դրոշը ծածանվում է նրանց գյուղի մի բլրի վրա, բայց ադրբեջանցի զինծառայողները չեն շտապում հեռանալ արդեն սահմանազատված հայկական հողից։ Նիկոլ Փաշինյանը դա չի տեսնու՞մ․․․Բերքաբերը մի Ջողազով է Ադրբեջանից բաժանված։ Ջողազից այն կողմ հայոց հողն է, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ի՞նչ էր նրա արածը, Բերքաբեր գնալու իմաստը։ Իր աչքերով տեսնելու, համոզվելու, թե ի՞նչ մեթոդով պիտի աշխատի բնակիչների հետ, որպեսզի նրանց հեշտ կոտրի։ Որովհետև Ադրբեջանի համար Բերքաբերը բերքաբե՜ր է, ինչպես Նիկոլ Փաշինյանի համար ասֆալտը ասֆա՜լտ է․․․ Բավական է միայն հիշեցնեմ, թե ինչ նշանակություն ունի Բերքաբերը Ադրբեջանի համար։ Բերքաբերի (Ջողազի) ջրամբարը գտնվում է Ջողազ գետի միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն մեծությամբ հինգերորդ ջրային ավազանն է Սևանա լճից, Ախուրյանի, Արփի լճի և Սպանդարյանի ջրամբարներից հետո: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1980 թ.-ին։ Մակերեսը 2,14 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 մլն մ3, օգտակարը՝ 43 մլն մ3: Պատվարը հողային է, երկարությունը՝ 1275 մ, բարձրությունը՝ 64 մ։ Ջրամբարը ոռոգել է Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների գյուղերը (Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեվան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր): Իջևանի Ազատամուտ ավանը այս ջրամբարից ստացել է խմելու ջուր՝ համապատասխան զտում անցնելուց հետո: Այս ջրամբարից ջուր է հասել նաև Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղ: Ջրամբարը շահագործվել է ընդամենը 12 տարի՝ մինչև 1991 թվականի ապրիլ, և դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Պատկերացրե՜ք Ադրբեջանի համար ի՜նչ է Ջողազը։ Այդ իսկ առումով Նիկոլ Փաշինյանը շատ զգու՜յշ ու հաշվարկված է գործում։ Ջողազը կհանձնի, որ Բերքաբերը դատարկվի․․․

Այն Բերքաբերը, որտեղ տներ է կառուցում ու ճանապարհ է գցում։ Բնակիչներին համոզելու կարիք չի լինի։