Արմեն Թավադյանի խցում երեք անձ կա, նա ընկճված չէ

Արմեն Թավադյանի խցում երեք անձ կա, նա ընկճված չէ

Լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ եւ հայտնի լրագրողներ, այդ թվում՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ անձնապես երաշխավոր կանգնելով Թիվ 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցում։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ամանորի շեմին առաջարկել են փոխել Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը՝ գրավով կամ անազատության հետ չկապված որեւէ այլ միջոցով։ Առայժմ դատախազությունը չի արձագանքել միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԼՂՀ պաշտոնական նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով անցնող վկային՝ Ռոբերտ Քոչարյանի մասին տված ցուցմունքը փոխելուն հարկադրելու կասկածով։ Չնայած այդ գործով գլխավոր մեղադրյալը՝ ոմն Մկրտչյան, ազատության մեջ է։

Տեղեկացնենք նաեւ, որ Արմեն Թավադյանը գտնվում է ԱԱԾ-ին կից «Երեւան- Կենտրոն» մեկուսարանում։ Նրան այցելող փաստաբանների վկայությամբ, նրա հետ նույն խցում են եւս երեք անձ։ Փաստաբաններն ասում են, որ բոլորովին ընկճված չէ եւ հասկանում է, որ իր դեմ հետապնդումն իրավական չէ՝ այլ քաղաքական, ուստի մեծ ակնկալիքներ չունի, որ իրեն ազատ կարձակեն։