Գետն անցանք

Գետն անցանք

Երեկ աշխատանքի գնալիս մի անսովոր բան նկատեցի: Երեւանը հանգիստ էր, երթեւեկությունը՝ մի տեսակ կանոնավոր, անկապ շչակներ չէին լսվում, օդում նյարդայնություն չկար: Հանրապետության հրապարակը ես այդքան խաղաղ չէի տեսել վաղուց: Ոստիկանական մեքենաները, որոնք կայանում էին Տեգրան Մեծի մուտքի մոտ, շատրվանների հարեւանությամբ եւ կառավարության շենքի առջեւ, չկային: Մի աներեւույթ ձեռք հրապարակից մաքրել էր այն ամենը, ինչը բնորոշ էր Փաշինյանի իշխանության այս երեք տարիներին: Թվում էր՝ ԱԺ-ում նախորդ օրը բեմադրված վերջնարարից հետո անկարգություններն ավելի պետք է շատանային, բայց՝ ոչ, խաղաղություն էր տիրում ամենուրեք եւ հանդարտություն: Երեւանում իսկական թավշյա առավոտ էր, հաճելի մի սառնություն կար օդում: Շնչելն ուղղակի հաճույք էր պատճառում:

Մի՞թե ավարտվեց մղձավանջը… Վարչապետի պաշտոնից հրաժարված Փաշինյանին վարչապետ չընտրեցին, ԱԺ-ն լուծարվեց, կառավարությունն էլ վերածվեց անծրագիր խմբակի, որն անելիք չունի առաջիկա 3-4 տասնօրյակին, եթե չհաշվենք ոլորտային ախոռները մաքրելու եւ «հետքերը» խնամքով թաքցնելու «աշխատանքները»: ԱԺ հատուկ նիստում, հրաժարված վարչապետի ներկայությամբ, ուսապարկերը նախկիններին փնովելու իրենց վերջին շանսն էլ օգտագործեցին, բաց թողեցին գոլորշու վերջին քուլաներն ու Արարատ Միրզոյանի արտասանած եղերական վերդիկտի հնչյունների ներքո քաշվեցին իրենց պատյանների մեջ… Վերջ: Փաշինյանը, իհարկե, փորձեց «դուխ» տալ իր ուսապարկերին, գովեց նրանց միասնական լինելու կամքը, բայց, միեւնույն է, նրանք կանգնած էին ճամփաբաժանին, որտեղից սկսվում է անխուսափելին՝ փլուզումը:

Ընկերովի մահը, ասում են, հարսանիք է, բայց ոչ երբեք դավաճանի, պարտվածի, հողատուի, հրաժարվածի հետ մահը:

Թերեւս հենց սա էր երեւանյան այդ առավոտի հանդարտության պատճառը: Պղտոր, վարար գետն անցել էինք… Ում քշեց՝ քշեց, ով մնաց՝ մնաց: Մնացածների հայացքները պարզվել էին, աչքերը՝ զուլալվել, մարդիկ, խաղաղ, ամեն մեկն իր գործին էր գնում: Ե՞րբ էր վերջին անգամ այսպես եղել: