Նոր Հադրութ․ ինչո՞ւ
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար (պաշտոնների տարօրինակ համադրություն է, չէ՞) Բորիս Ավագյանն ասել է, որ «Արցախում կհիմնվի նոր բնակելի ավան, որը կստանա «Նոր Հադրութ» անվանումը։ Ավանը նախատեսված է 2 հազար հոգու համար, սկզբնական շրջանում նախատեսվում է կառուցել 5 հարյուր բնակարան։ Ավանում կկառուցվեն նաև մանկապարտեզ, դպրոց, խանութներ»։
Արտաքուստ ամեն ինչ տրամաբանական է․ կործանարար պատերազմից հետո Արցախում նոր բնակավայր է հիմնվում, որով գոնե մասամբ կլուծվեն տուն կորցրած մեր բազմաթիվ հայրենակիցների խնդիրները։
Սակայն տարօրինակ է կառուցվելիք բնակավայրի անվանումը՝ Նոր Հադրութ։ Սրանով ակամա (կամ թերևս միտումնաբար) տեղ է բացվում այն մտայնության հաստատման համար, թե մենք ընդմիշտ կորցրել ենք Հադրութը, եթե հիմա սևեռված ենք Նոր Հադրութ կառուցելու նպատակի վրա։ Հայոց տեղանունների պատմությունը բազմաթիվ վկայություններ ունի առ այն, որ «նոր» բաղադրիչը բուն տեղանվան սկզբին հայտնվում է միայն հինը կորսված լինելու պարագայում (Նոր Հաճըն, Նոր Երզնկա, Նոր Արաբկիր ևն)։ Հետևաբար, հազիվ թե այդ անունը՝ Նոր Հադրութ, իմաստավորված է բոլոր, այդ թվում՝ քաղաքական առումներով։
Սակայն ԱՀ հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի խոսքում առավել տարօրինակն այն է, թե Արցախում առաջիկայում կկառուցվի ուղղափառ եկեղեցի՝ ռուս զինվորականների համար։ «Մենք նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի հետ ենք հանդիպել։ Նրա օրհնությունն եմ ստացել, որ ռուսական ուղղափառ եկեղեցի կառուցվի ռուս խաղաղապահների համար։ Մենք համարում ենք, որ ճիշտ կլինի նրանց համար եկեղեցի կառուցել։ Ռուսական կողմի ընտրած տարածքում կկառուցվի այն։ Դա շատ ճիշտ քայլ կլինի մեր բարեկամությունն ամրապնդելու և հոգևոր աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից։ Քննարկումներ են եղել նաև ռուսական եկեղեցու ներկայացուցչի հետ»,- ասել է Բ․ Ավագյանը։ Տարօրինակն այն է, որ, ռուս խաղաղապահների կրոնական կարիքների համար ոչ թե ինչ-որ ժամանակավոր հոգևոր տուն, այլ հենց եկեղեցի է կառուցվում։ Քրիստոնեական եկեղեցիները բոլոր դարերում կառուցվել են հարյուրամյակների համար, ընդ որում՝ մշտակյաց հավատացյալների համար։ Համենայն դեպս՝ կառուցելու ժամանակ այդպես ենթադրվել է։ Իսկ ռուս խաղաղապահների մշտակյացությունը կարող է ձգվել շատ-շատ 10 տարի՝ ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, հետևաբար ո՞ւմ համար է կառուցվելու ուղղափառ եկեղեցին։
Արդյո՞ք այստեղ ևս չկան քաղաքական ինչ-ինչ հեռագնա նպատակներ, արդյո՞ք դրանք վկայում են Արցախի ինքնիշխանության ամրապնդման մասին, և արդյո՞ք պատեհ ժամանակ է ընտրված՝ այսպես հրապարակայնորեն դրանք հնչեցնելու։
Կարծիքներ