Այսօր ԱՄՆ-ն Կիևին կներկայացնի խաղաղության ծրագիրը. ինչ է հայտնի

Ապրիլի 23-ին Լոնդոնում կայանալիք հանդիպմանը ԱՄՆ ներկայացուցիչները նախատեսում են ուկրաինական կողմին ներկայացնել հակամարտության կարգավորման՝ յոթ կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։
Հրատարակության համաձայն՝ առաջին և երկրորդ կետերը նախատեսում են անհապաղ հրադադար և ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։
Երրորդ կետը կապված է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու հետ՝ պահպանելով ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը։
Չորրորդ կետը Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումն է, իսկ հինգերորդը՝ ԱՄՆ-ի կողմից 2022 թվականին Ռուսաստանի Դաշնության մաս դարձած տարածքների փաստացի ճանաչումը։
Ծրագրի վեցերորդ կետում ասվում է, որ Ուկրաինան համաձայնագիր է ստորագրելու ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ, իսկ յոթերորդը նախատեսում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր հարաբերությունների հաստատման հնարավորություն, ներառյալ ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացումը և երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության սկիզբը։
Ծրագիրը պարունակում է նաև Զապորոժիեի ԱԷԿ-ը ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելու առաջարկ։
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն այս ծրագիրը կներկայացնի ուկրաինական կողմին Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ, որից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարությանը ծանոթացնելու առաջարկին։
Պարբերականի տվյալներով՝ դրա դիմաց Ուկրաինան անվտանգության հուսալի երաշխիքներ է ստանում Եվրոպայից, Խարկովի շրջանի մի մասի վերադարձ, փոխհատուցում և օգնություն վերակառուցման գործում։
Կարծիքներ