«Մեր տանը Փաշինյանը երևի իր պատիվն ու նամուսն էր փնտրում, չգտավ, այլ բաներ տարան»

«Մեր տանը Փաշինյանը երևի իր պատիվն ու նամուսն էր փնտրում, չգտավ, այլ բաներ տարան»

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի տանը։ Մեզ հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ առգրավել են օրենքով իրեն պատկանող զենքը, մինչդեռ խուզարկության թույլտվությամբ նման իրավունք չեն ունեցել։ Հիշեցնենք, որ Հակոբյանին ավելի վաղ ձերբակալել էին, սակայն դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալությունը․

«Դատարանից կար խուզարկության թույլտվություն այն գործով, ինչով մի քանի օր առաջ ինձ ապօրինի ձերբակալել էր քննչականը ,հետո դատարանի որոշմամբ ես ազատ արձակվեցի։ Դատարանի որոշումով իրենք իմ բնակարանում փնտրում էին ռազմական դրության պայմաններում հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու ինչ-որ պարագաներ և միջոցներ, բնականաբար, նման բաներ չգտան։ Ինչ-որ ուրիշ բաներ՝ օրինական զենք ժամանակավորապես առգրավեցին, այն դեպքում, երբ փաստաթղթի մեջ նշված չէր այն, ինչ իրենք տարան, իմ օրինական զենքն են տարել՝ իրենց փաստաթղթերով, ինչը մեր փաստաբանական խումբը անպայման կբողոքարկի, որպեսզի հնարավորինս շուտ վերադարձնեն։ Այն քննիչը, որը պիտի խուզարկություն իրականացներ, ինքը չի իրականացրել, խուզարկությունն իրականացներ է ուրիշ քննիչ , որի հանձնարարականը ինքը չուներ, համենայն դեպս, մեզ նման փաստաթուղթ ինքը չի ներկայացրել»

Դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Միհրան Հակոբյանի և մյուսների ձերբակալությունները, դրանից հետո նույն քրեական գործի շրջանակներում (ՔՕ 225.1  հոդված՝ « օրենքով սահմանված կարգի խախտմամաբ հավաք կազմակերպելը և անցկացնելը») խուզարկություն է իրականացվում, հարցրինք՝ բողոքարկելո՞ւ են խուզարկության թույլտվությունը․

«Մենք բողոքարկելու ենք, որովհետև ինձ դեռևս մեղադրանք անգամ չի ներկայացվել, բայց վաղ առավոտյան շատ անակնկալ կերպով եկան մեր տուն՝ խուզարկության։ բացահայտ հետապնդում է գնում․ նույն ապօրինի ձերբակալությունը, ապօրինի բերման ենթարկելը դրանից առաջ, հիմա այս խուզարկությունը։ Այսինքն՝ բացահայտ հետապնդման միտումներ կան, դա ակնհայտ է, և դա կապված է իմ գործունեության հետ, Նիկոլ Փաշինյանը ակնհայտ գնում է այդ ճանապարհով։ Մեր տանը ինքը երևի Արցախի կորցրած տարածքներն էր փնտրում, իր պատիվն ու նամուսն էր փնտրում, դրանք չգտավ, ուրիշ բաներ տարան էքսպերտիզայի»։

Նույն հոդվածով խուզարկություն է տեղի ունեցել նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի տանը․

«Իմ տանը տեղի է ունեցել խուզարկություն, փնտրում էին ցուցակներ, ինչ-որ ձայնային կրիչներ, բարձրախոսներ, բնականաբար, ոչինչ չեն գտել, դրանով խուզարկությունը ավարտվել է, ոչինչ տնից չեն առգրավել»։

Հարությունյանի տանը խուզարկության թույլտվություն է տվել դատավոր Կարեն Ֆարխոյանը, Հարությունյանը չհիշեց ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչած դատավորի ազգանունը։ Նա ասաց, որ ձերբակալման օրը իր մոտից գումար և մեքենայի բանալիներն են առգավել․

«Մեկ օր ինձ ձերբակալվածների պահման վայրում պահելուց հետո ազատ արձակեցին, քանի որ որևէ հիմք չկար ինձ ձերբակալելու, բայց ակնհայտ է, որ իմ ձերբակալությունը, այս խուզարկությունը, ձերբակալման ընթացքում ինձնից գումարի և մեքենայի բանալիների առգրավումը, որի հետևանքով այսօր ես զրկված եմ իմ մանկահասակ երեխային իմ իսկ մեքենայով մանկապարտեզ տանելու իրավունքից, իմ հայրական տուն գնալու հնարավորությունից զրկված եմ, քանի որ տան բանալիները նույնպես մեքենայի մեջ էին, փաստաթղթեր և այլն։ Այս ամենը ունի մեկ պատճառ․ դավաճան Նիկոլի կողմից հրահանգով ուժային համակարգը լծվել է ընդդիմադիրներին, այդ թվում և ինձ քաղաքական ճնշումների ենթարկելու»։

Հարցրինք՝ նույնիսկ ձերբակալությունը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելուց հետո՞ էլ չեն վերադարձրել մեքենայի բանալիներն ու գումարը․

«Ոչ։ Երբ ես ազատ արձակվեցի ՁՊՎ-ից, այդ ժամանակ ես ասացի՝ վերադարձրեք ինձ իմ մեքենայի բանալիները և գումարը։ Ինձ ասացին, որ գումարի մասը չի լինելու, իսկ բանալիների հետ կապված պետք է դիմում գրել, իրենք քննարկեն։ Իհարկե, ես այդ դիմումը գրեցի, նշեցի պատճառները, բայց, նորից եմ կրկնում՝ քանի որ կա ուժային համակարգ, որը կատարում է երկիրը դավաճանածի հրամանները, ուրեմն իրենք ժամանակ են ձգում։ Այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ ի տարբերություն Նիկոլի երեխաների, իմ երեխան չի շրջում թիկնազորով, չի շրջում պետական մեքենաներով, և ինձ համար, այո, այդ խնդիրը ստեղծել են, որ ես հիմա զրկված եմ իմ մեքենան վարելու, տնօրինելու հնարավորությունից և իրավունքից։ 

Գումարը ինչ-որ մեծ գումար չէ, խնդիրը գումարի մեջ չէ, առաջին խնդիրը մեքենայիս բանալիներն են։ Կարող եմ ասել, որ ինձ նորից հրավիրել են հարցաքննության, ես հիմա ունեմ կասկածյալի կարգավիճակ, բայց դատելով իջեցված քաղաքական պատվերից, կարծում եմ՝ նաև կներկայացվի մեղադրանքը»,- ասաց Հարությունյանը։